[բարիդրացիություն + վրացի] հայ-վրացական վաղեմի հարևանության հազարամյակների պատմությունն ու էությունը խտացարած ներկայացնող բառ։ Խորհրդանշում է ստիպված հարևանի հետ ստիպված ընկերությունն ու բարեկամությունը, ստիպված համագործակցությունն ու հանդուրժողականությունը, որն առերես սվաղում, կոծկում է հավերժական մրցակցության, խորքային փոխադարձ ստորադասման ու անհանդուրժողականության, միմյանց ընդհանուր առմամբ տանել չկարողանալու զգայական ֆոնը։
Հայ-վրացական բարիվրացիական հարաբերությունները խորը պատմական հետքեր ունեն։ 19-րդ դարի սկզբին Թիֆլիսում ծաղկում ապրող, ֆինանսատնտեսական ու մշակութային մեծ հաջողություններ գրանցող հայկական համայնքը Վրաստանում վրացիների հանդեպ այնքան էր իրեն գերակա դիրքում համարում, որ քամահրանքով անվանում էր նրանց տուտուց վրացի (բառացի՝ հիմար վրացի), ընդգծելով նրանց իբր համեստ մտավոր կարողությունները։ Հայերը սիրում են ակտիվորեն շրջանառել այն թեզերը, որ դե Թիֆլիսը հայերն են կառուցել, վրացական գրերը Մաշտոցն է հորինել և առհասարակ հայտնի վրացիների մի ահագին մասը հայկական ծագում ունեն։ Վրացիները հակադարձելով՝ պնդում են, որ Հայաստանը վրացական թագավորության մաս է եղել, Վրաստանում ապրող հայկական մեծ համայնքները, այդ թվում նաև Ջավախքը գաղթական հայերին վրացիների կողմից արված մեծահոգի ժեստ են, առհասարակ հայերը անշնորհակալ են և պատմության մեծ կեղծարարներ, իրենցից գողացել և սեփական անվան տակ հանրահռչակլ են գինու մշակույթը, եկեղեցաշինական ճարտարապետական ոճերը և այլն։
Մարդկային հարաբերությունների մակարդակում բարիվրացիությունը կեղծ-հաշվենկատ բարեկամությունը նկարագրող եզրևույթն է։