ֆեյքագիտություն

[fake + գիտություն] գիտություն ֆեյքերի և ֆեյքության մասին

Ֆեյքագիտության ամփոփ ձեռնարկ

  • Կան ֆեյք երկրներ, ֆեյք գաղափարներ, ֆեյք մարդիկ, ֆեյք պատմություն, ֆեյք ինքնություններ, ֆեյք ապրանքներ, բայց դրանք այնքան շատ են, որ մենք դրանց ընդունում ենք իբրև կյանքի ելային իրողություններ։
  • Սահմանված բոլոր իրողություններն այլընտրանքային են։
  • Այլընտրանքային իրականություն գոյություն չունի։
  • Ուրեմն ամեն ինչ ֆեյք է։
  • Ամեն ինչ ֆեյք է, քանի դեռ չենք պայմանավորվել հակառակում։
  • Ֆեյքագիտությունը չի զբաղվում այն դեպքերով, որոնք պայմանավորված են իբրև հավաստի կամ գիտակցված չեն իբրև ֆեյք։
  • Ֆեյքագիտությանը հետաքրքրի են միայն երկրորդ աստիճանի ֆեյքերը՝ նրանք, որ ստեղծված են իբրև ֆեյք՝ իբրև պայմանական իրողության ճշմարտատիպ, շահադիտական նմանակում։
  • Ֆեյքագիտությունը գիտություն կամ արվեստ չէ, քանի որ դրանք նույնպես այլընտրանքային իրողություններ են, այն հղկվող վերդիսցիպլինար տեխնոլոգիական արհեստ է։
  • Տեղեկատվական ֆեյքագետի առաջին գործիքը՝ ինչու հարցադրումն է, եթե գիտես ինչու, ուրեմն գիտես ճշմարտության կեսից ավելին։
  • Բոլոր վատ լուրերը չէ, որ ֆեյք են, բայց ֆեյք լուրերը գրեթե միշտ վատն են։
  • Ֆեյքությունները դասակարգվում են ըստ իրենց նպատակի՝ ֆեյքամտություն հանուն զվարճանքի, ֆեյքաշենություն հանուն գեղարվեստական էքսպրեսիայի, ֆեյքամարտություն հանուն քաղաքական կամ կոմերցիոն շահի, ֆեյքակոծությունն իբրև հանրային վարքի հետազոտության գործիք։
  • Տեղեկատվական ֆեյքոլոգիան առանձնացնում է հետևյալ սուբյեկտ-միավորներին՝ ֆեյք օգտատեր, ֆեյք գործիչ (գործիք), ֆեյք փորձագետ (կամ պարզապես փորձագետ), ֆեյք լրատվական (լրաթվական), ֆեյք լուր, ֆեյք վերնագիր, ֆեյք կառույց, ֆեյք կոնֆլիկտ, ֆեյք դիսկուրս և այլն։
  • Ֆեյքը հետևողական է։
  • Ֆեյքը հղվում է ֆեյքին։
  • Սրա նման աֆորիզմանման պնդումների ցանկը ֆեյքաբույծ տեսաբանների սիրելի գործիքն է։
  • Ֆեյքը ակտիվ է։
  • Հեռատես և հաշվենկատ ֆեյքը դանդաղորեն սերտաճում է ճշմարտությանն ինչպես միսը ոսկորին և դադարում է լինել երկրորդային ֆեյք։
  • Ֆեյքամոլությունը ֆեյքագետի ամենամեծ մոլորությունն է, քանի որ միշտ չէ, որ ֆեյք է այն ամենն ինչ դու չգիտես, կամ չես կարող երևակայել։
  • Ֆեյքը ճշմարտության տեղ ընդունող և այն համառորեն պաշտպանողները ֆեյք չեն, նրանք հպարտ քաղաքացիներ են։
  • Հպարտ քաղաքացիները միշտ մեծամասնություն են, բայց ֆեյքերն ու ֆեյքաբույծներն ավելի մեծ աղմուկ են գոյացնում, ուստի նրանցն են երկնային և երկրային արքայությունները, որ նույնպես ֆեյք են։

Տես նաև՝ ֆեյքագետ, ֆեյքաշինություն, ֆեյքուա, ֆեյքաբույծ, ֆեյքբուք


Share Button

բարիվրացիություն

[բարիդրացիություն + վրացի] հայ-վրացական վաղեմի հարևանության հազարամյակների պատմությունն ու էությունը խտացարած ներկայացնող բառ։ Խորհրդանշում է ստիպված հարևանի հետ ստիպված ընկերությունն ու բարեկամությունը, ստիպված համագործակցությունն ու հանդուրժողականությունը, որն առերես սվաղում, կոծկում է հավերժական մրցակցության, խորքային փոխադարձ ստորադասման ու անհանդուրժողականության, միմյանց ընդհանուր առմամբ տանել չկարողանալու զգայական ֆոնը։

Հայ-վրացական բարիվրացիական հարաբերությունները խորը պատմական հետքեր ունեն։ 19-րդ դարի սկզբին Թիֆլիսում ծաղկում ապրող, ֆինանսատնտեսական ու մշակութային մեծ հաջողություններ գրանցող հայկական համայնքը Վրաստանում վրացիների հանդեպ այնքան էր իրեն գերակա դիրքում համարում, որ քամահրանքով անվանում էր նրանց տուտուց վրացի (բառացի՝ հիմար վրացի), ընդգծելով նրանց իբր համեստ մտավոր կարողությունները։ Հայերը սիրում են ակտիվորեն շրջանառել այն թեզերը, որ դե Թիֆլիսը հայերն են կառուցել, վրացական գրերը Մաշտոցն է հորինել և առհասարակ հայտնի վրացիների մի ահագին մասը հայկական ծագում ունեն։ Վրացիները հակադարձելով՝ պնդում են, որ Հայաստանը վրացական թագավորության մաս է եղել, Վրաստանում ապրող հայկական մեծ համայնքները, այդ թվում նաև Ջավախքը գաղթական հայերին վրացիների կողմից արված մեծահոգի ժեստ են,  առհասարակ հայերը անշնորհակալ են և պատմության մեծ կեղծարարներ, իրենցից գողացել և սեփական անվան տակ հանրահռչակլ են գինու մշակույթը, եկեղեցաշինական ճարտարապետական ոճերը և այլն։

Մարդկային հարաբերությունների մակարդակում բարիվրացիությունը կեղծ-հաշվենկատ բարեկամությունը նկարագրող եզրևույթն է։

Share Button

ցռամարտ

[ցլամարտ/ցռամարտ] անգլերեն՝ flame և ռուսերեն՝ срач եզրույթների հայեցի տեղայնացումն է։ Համացանցային խառնամբոխի կողմից որևէ հանրային հնչեղություն ունեցող կամ ստացած թեմայի բուռն և համակողմանի, բայց միևնույն ժամանակ ինքնանպատակ մեկնաբանումը, քննարկումը, վերլուծությունը սոցիալական մեդիայում, որ ուղեկցվում է անողոք նոթակոծությամբ, քոմենթահարությամբ, զանգվածային ֆեյքասպանությամբ և բլոկադաներով։

Եթե ավանդական դիսկուրսը խնդիր ունի դեմ և հակընդդեմ կարծիքների համադրմամբ ճշմարտությանը կամ գոնե հանրային կոնսենսուսի  հանգելուն, ապա որոշակի փուլից սկսած ցռամարտի ցանկացած համաճարակ վերածվում է սեփական կամ համայնքայի ինքնահաստատման համատեքստում անձնական վիրավորանքների ու թուքումրի համախառն սփռման։

Անկախ թեմայի բնույթից և խնդրի որոտից՝ ցռամարտում նրա քննարկման գաղափարական կմախքը ձևավորում է օնլայն կարծիքի առաջատար ցանցային ակտիվիստների՝ ցռամարտիկների կողմից, որոնք հավակնում են ամբողջականորեն տեղեկացված լինել տիեզերքի, մոլորակի, երկրի ու համայնքի բոլոր արդի խնդիրներից։

Ցռամարտի ցանկացած թեմա լրահսում հազվադեպ է գոյատևում մի քանի օրից ավել, որովհետև միշտ մի հրաշքով գտնվում է մտավոր փորացավության հանգեցնող նոր հարց։

Առավել էկզիստենցյալ սահմանմամբ ցռամարտը խմբակային անգիտակցականի մութ ուժերի դրդմամբ ստեղնամարտիկների համատեղ, ինքնաբուխ ակտիվացումն է, որ հանգեցնում է խմբակային ստեղնաշարժության օրգիայի և ուղեկցվում լեզվապղծության և լեզվաստեղծության բուռն բառաժայթքումով։

 

Տես նաև՝ ստեղնամարտ, ստեղնամարտիկ, ստեղնաշարժություն, զուռնալիստիկա, ֆեյքագիտություն

Share Button

կուշտունիցա

[Կուշտ ու Նիցցա + Կուստուրիցա] Այն հաճելի իրավիճակը, երբ որևէ «Ճ» դասի, հավանաբար հետսովետական երկրում պաշտոնավարելու ընթացքում կոռուպցիոն ճանապարհներով, արյունոտ պատմություններով կուտակած կապիտալդ լավ պարզաջրել էս, լեգալ բիզնեսներում ներդրել, իշխանական կլանդ բարեհաջող վերարտադրել էս, ընտանիքիդ համար եվրոպական կեցության իրավունք էս ստացել ու հիմա քեզ համար կուշտ ու խաղաղ լռված էս Ֆրանսիայի հարավներում մի տեղ, հավանաբար հենց Նիցցայում, նայում էս միջերկրականի փիրուզագույն ջրերին ու գոհ էս ընդհանուր առմամբ կյանքից։

Բայց որպեսզի քո պատմականության միֆը ամբողջական լինի՝ թարմ ոստրե ծծելու ու շամպայն ֆռթցնելու ընթացքում նաև իմաստասիրական ու քաղաքատնտեսական չարախինդ ռեպլիկներ էս թողնում հայրենի քաղաքական դաշտ։ Նաև, որ երիտասարդ թոշակառուին վայել խրոխտ կեցվածքը չընկրկի, մարտական ոգին մնա բարձր, ժամանակ առ ժամանակ կարելի է Տանզանիայում զվարճանալ առյուծների ու անտիլոպների որսով։

Բայց սա ամեն դեպքում կյանք է և ոչ թե քո այլասերված տվայտանքներից ծնված երազ ու թե ինչով այն կավարտվի, կպարզի՝ նախաքունուցունը։ 

Տես նաև՝ պրիվետռոբ, ռոբոտաշինություն, ռոբոտացում, ռոբ ին զոն, քոչարյուն, անքոչ հյուր, գռոբ, դալբառոբ, կոռոբցիա, անաէռոբ, ոռսորդը, դվայնիկ, տռայնիկ, ֆրի ու հաշիվը

Օգտագործման նախադեպը՝ ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի շուրջ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցը, որտեղ մեղադրանքի աբսուրդը ներկայացնելու համար նա փորձում էր հղում անել Կուստուրիցայի արվեսսին, բայց փոխարենն ասեց՝ կուշտունիցա։ 

Share Button

ինքնուկ

[selfie] Ինքնուկը որևէ լուսանկարող սարքի, իսկ ավելի հաճախ՝ խելախոսում ներդրված ֆոտոխցիկի միջոցով մարդու կամ նկարելու կոճակին սեղմելու ունակ որևէ այլ արարածի կողմից ինքն իր կամ իր մասնակցությամբ ստեղծված լուսանկարը կամ ինքնալուսանկարն է։

Հաճախ ինքնուկի ստեղծման համար օգտագործվում են թայմերը, հայելիներն ու մոնոփոդները (ինքնափեդ)։ Սակայն հիմնական գործիքը տարածության վրա ձգված սեփական ձեռքն է։ Էվոլյուցիայի տեսաբանների կարծիքով ինքնուկոմոլության արդյունքում սելֆիմանյակների ձեռքերը ժամանակի ընթացքում երկարելու են մոտ 35%-ով, ի դեպ միայն մեկ՝ ձախ կամ աջ ձեռքը։

Ինքնուկի ավանդական դիրքավորումներից  է բադապռոշը, երբ ինքն իրեն լուսանկարողը օբյեկտիվին է նայում հատուկ ուռցրած շրթունքներով և վավաշոտ հայացքով՝ կարծես ի ցույց դնելով իր սեռական աշխատասիրությունը կամ ինքնանպատակ սեքսունակությունը։  

Հայ իրականության մեջ տարածված է ինքնուկաշինության ազգային ազատագրական տարբերակը՝ սելֆիդայական շարժումը, երբ մեկն անհիմն լուսանկարվում է ռազմական ռեկվիզիտով կամ միջավայրում՝ ի ցույց դնելով, աչքակոխ անելով հայրենիքին մատուցվող իր ծառայությունները։ Սա սքողված լայքահավաքչության տարատեսակ է։

 

Տես նաև՝ սելֆի, սելփի, ինքնալուսանկար

 

Share Button

քրեածիվ

[քրեածին + կրեատիվ] հանցակազմ պարունակող գործողության մեջ հնարամտության, էսթետիկայի, նորարարության և ինտելեկտուալության գնահատման համակցված որակական ցուցանիշ, քրեական ստեղծարարությունը։

Քրեածիվությամբ կարող են աչքի ընկնել ինչպես անհատ հանցագործներն ու հանցովոր խմբերը, այնպես էլ պետական կառույցներն ու մասնավոր կորպորացիաները։

Քրեածիվ ժանրի դասականներից են ֆինանսական տարատեսակ բուրգերը, Եթովպիայում անսպասելի մահացած և իր ողջ կարողությունը ձեզ կտակած մինչ այդ անհայտ միլիոնատեր քեռու փաստաբանից նամակը, բանանն իբրև արդյունաբերական հումք Հայաստան ներմուծելը (տես՝ ներմուծաբան), մանրածախ առևտրի ահռելի բիզնեսն իբրև շարքային աշխատակիցների անհատ ձեռներեցություն ձևակերպելը, ճնշումը չափելու համար պետական բուժհաստատություն մտած տատիկի վրա լեղապարկի փոխպատվաստում ձևակերպելը և այլն։

Տես նաև՝ դոմփինգ, գերագահ շահ

Share Button

ներմուծաբան

[ներմուծել + վերլուծաբան] Ներմուծաբանները գաղջահայաստանի այն խոշոր սերժամերձ ձեռնարկատերերն էին, ովքեր հատուկ արտոնություններ ունեին ներմուծելու որևէ ապրանքատեսակ և իրավունք՝ խոչընդոտելու ուրիշներին նույնն անելու գործում՝ կիրառելով դոմփինգի բոլոր թույլատրելի և անթույլատրելի գործիքները։

Ներմուծաբանության ամենակարկառուն գործիչները լֆիկ մականունով հայտնի Սամվել Ալեքսանյանն էր, ով տնօրինում էր շաքարի ներմուծումը երկիր և դահկանացու քեթրինի Միհրանը՝ իբրև բանանային ներմուծաբան։

Share Button

շոգախտավոր

[շոգ + թոքախտավոր] Շոգախտը Հայաստանում, հիմնականում Երևանում հուլիս-օգոստոս ամիսներին ամեն տարի հետևողականորեն, բայց ամեն անգամ բոլորովին անսպասելի վրա հասած շոգից ամեն քայլափոխի և սոցիալական ցանցերում երևանաբնակների անվերջ տրտնջալու ու բողոքելու մասսայական պսիխոթերմատիկ վարքագիծն է։

Մասնագետների պնդմամբ ժամանակակից Երևանում շոգնատանջության դրսևորումներն ավելի ընդգրկուն ու անտանելի բնույթ են կրում քան ասենք մերձարևադարձային հին Բաբելոնում։

Այն փաստը, որ արևադարձային բազմաթիվ երկրներ ունեն կեսօրվա և առհասարակ անտանելի շոգին դիմակայելու իրենց ավանդական մեթոդները՝ օրինակ սիեստան, իսկ Հայաստանում նման ավանդույթ չկա, մարդաբաններին թույլ է տալիս ենթադրելու, որ չնայած ամեն տարի սանձազերծվող շոգեխանգարմունքին, հայերը բացարձակ և անհիմն լավատեսներ են, քանի որ աշնանային շոգեհանգստից հետո տառապանքի տապն անմիջապես մոռացվում և վերջինը լինելու հույսով պահվում է ենթագիտակցության ետնախորշերում։

Շշուկներ են պտտվում, որ շոգախտավորների աղանդավորական թևը, որ կոչվում է շոգեգալստական, ամենաշոգ օրերին ծիսական զոհաբերություններ է կատարում իրենց շոգեվոր հովիվ հռչակված Գագիկ Սուրենյանին՝ օրհնած ֆրեոնով լի փոքրիկ սրվակներ պայթեցնելով և Արագածից բերած ձյունով Հանրապետության հրապարակում ձնագնդի խաղալով։

Շոգի ու տապի անտանելի չափերից ստատիկ բողոքողների առանձնակի ծանր դեպքերը մասնագիտական գրականության մեջ բնորոշվում են իբրև շոգեկան հիվանդներ։ Հիվանդության ախտանիշները սովորաբար դառնում են խրոնիկ և հետագայում նրանք  բողոքում են ցանկացած տանելի և անտանելի եղանակային իրավիճակներում՝ ցրտին, անձրևին, ձյանը, կարկուտին, մեղմ հովին, զովին, քամուն և այլն։

Տես նաև՝ եղանակային չտեսություն, սառնամանյակ

Share Button

որձառություն

[որձ + փորձառություն] էրոտիկ արկածներ փնտրող, բայց էկզիստենցյալ հուսահատություն գտնող տղայական կամ տղայամերձ փորձառությունն է։

Որձառության ուսումնասիրմամբ զբաղվող գիտությունը կոչվում է որձագիտություն, իսկ գիտնականները՝ որձագետներ։

Share Button

աժժջան

[ԱԺ/ազիզ + ջան] ընտրակեղծիքներով, ընտրակաշառքով ձևավորված ձեռնասուն, ջերմոցային օրենսդիր մարմին կամ ասքային ժողով, որը հանրահռչակված կամ ստվերային սեփականատիրոջ կախարդական «աժժջան» գաղտնաբառ-հրահանգով կարող է  քննարկել և ընդունել ցանկացած օրենք, որոշում, հայտարարություն։

Հայոց նորագույն պատմության մեջ աժժջանի ամենադասական օրինակները եղել են 5-րդ և 6-րդ գումարման ազգային ժողովները, որտեղ ՍՍ-ին պատկանող ձեռնասուն մեծամասնությունը կազմում էր քրեաօլիգարխիկ հանրապետականքը, այն է՝ զոռավար գեներալիտետը, մի քանի մշակույտային գործիքները, մենաշնորհային մոլագարխները, ուսխորհրդային երիտհանրապետականքը և այլք։

Հրահանգավորման օրինակ՝ աժժջան, մի հատ էս հարկային օրենսդրության փոփոխությունը կստորագրե՞ս – վռազ եմ, աժժջան մի հատ էս տնտեսական մենաշնորհը կարտոնե՞ս, աժժջան, մի հատ էս հայուգենին անհարիր երևույթը կդատապարտե՞ս, աժժջան, մի հատ էս պայմանագրին կողմ լինելով դեմ կքվեարկե՞ս, աժժջան, մի հատ կպպզես վրովդ թռնեմ, աժժ ջան, մի հատ դառը կոֆե ու հաշիվը։

Որպեսզի թավշյա հեղափոխությունը գողափոխության չվերածվի և Հայաստանն ի վերջո ունենա ընտրված օրենսդիր մարմին, Նիկոլ և պայմանագրայիններ անսահամանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2018-ի մայիսից ձեռնարկեց սույն պատգամավոռների հասցեական պիղծինգ ռեալիթի շոուն։

 

Բառի համատեքստը՝ ՀՀԿ համամասնական ցանկով ընտրված ԱԺ պսեվդոպատգամավոր հայտնի ներմուծաբան Սամվել Ալեքսանյանի կողմից լրագրողներին դիմելու՝ աժժ ջան արտահայտության վերաիմաստավորումն է։

Share Button