ցռամարտ

[ցլամարտ/ցռամարտ] անգլերեն՝ flame և ռուսերեն՝ срач եզրույթների հայեցի տեղայնացումն է։ Համացանցային խառնամբոխի կողմից որևէ հանրային հնչեղություն ունեցող կամ ստացած թեմայի բուռն և համակողմանի, բայց միևնույն ժամանակ ինքնանպատակ մեկնաբանումը, քննարկումը, վերլուծությունը սոցիալական մեդիայում, որ ուղեկցվում է անողոք նոթակոծությամբ, քոմենթահարությամբ, զանգվածային ֆեյքասպանությամբ և բլոկադաներով։

Եթե ավանդական դիսկուրսը խնդիր ունի դեմ և հակընդդեմ կարծիքների համադրմամբ ճշմարտությանը կամ գոնե հանրային կոնսենսուսի  հանգելուն, ապա որոշակի փուլից սկսած ցռամարտի ցանկացած համաճարակ վերածվում է սեփական կամ համայնքայի ինքնահաստատման համատեքստում անձնական վիրավորանքների ու թուքումրի համախառն սփռման։

Անկախ թեմայի բնույթից և խնդրի որոտից՝ ցռամարտում նրա քննարկման գաղափարական կմախքը ձևավորում է օնլայն կարծիքի առաջատար ցանցային ակտիվիստների՝ ցռամարտիկների կողմից, որոնք հավակնում են ամբողջականորեն տեղեկացված լինել տիեզերքի, մոլորակի, երկրի ու համայնքի բոլոր արդի խնդիրներից։

Ցռամարտի ցանկացած թեմա լրահսում հազվադեպ է գոյատևում մի քանի օրից ավել, որովհետև միշտ մի հրաշքով գտնվում է մտավոր փորացավության հանգեցնող նոր հարց։

Առավել էկզիստենցյալ սահմանմամբ ցռամարտը խմբակային անգիտակցականի մութ ուժերի դրդմամբ ստեղնամարտիկների համատեղ, ինքնաբուխ ակտիվացումն է, որ հանգեցնում է խմբակային ստեղնաշարժության օրգիայի և ուղեկցվում լեզվապղծության և լեզվաստեղծության բուռն բառաժայթքումով։

 

Տես նաև՝ ստեղնամարտ, ստեղնամարտիկ, ստեղնաշարժություն, զուռնալիստիկա, ֆեյքագիտություն

Share Button

կուշտունիցա

[Կուշտ ու Նիցցա + Կուստուրիցա] Այն հաճելի իրավիճակը, երբ որևէ «Ճ» դասի, հավանաբար հետսովետական երկրում պաշտոնավարելու ընթացքում կոռուպցիոն ճանապարհներով, արյունոտ պատմություններով կուտակած կապիտալդ լավ պարզաջրել էս, լեգալ բիզնեսներում ներդրել, իշխանական կլանդ բարեհաջող վերարտադրել էս, ընտանիքիդ համար եվրոպական կեցության իրավունք էս ստացել ու հիմա քեզ համար կուշտ ու խաղաղ լռված էս Ֆրանսիայի հարավներում մի տեղ, հավանաբար հենց Նիցցայում, նայում էս միջերկրականի փիրուզագույն ջրերին ու գոհ էս ընդհանուր առմամբ կյանքից։

Բայց որպեսզի քո պատմականության միֆը ամբողջական լինի՝ թարմ ոստրե ծծելու ու շամպայն ֆռթցնելու ընթացքում նաև իմաստասիրական ու քաղաքատնտեսական չարախինդ ռեպլիկներ էս թողնում հայրենի քաղաքական դաշտ։ Նաև, որ երիտասարդ թոշակառուին վայել խրոխտ կեցվածքը չընկրկի, մարտական ոգին մնա բարձր, ժամանակ առ ժամանակ կարելի է Տանզանիայում զվարճանալ առյուծների ու անտիլոպների որսով։

Բայց սա ամեն դեպքում կյանք է և ոչ թե քո այլասերված տվայտանքներից ծնված երազ ու թե ինչով այն կավարտվի, կպարզի՝ նախաքունուցունը։ 

Տես նաև՝ պրիվետռոբ, ռոբոտաշինություն, ռոբոտացում, ռոբ ին զոն, քոչարյուն, անքոչ հյուր, գռոբ, դալբառոբ, կոռոբցիա, անաէռոբ, ոռսորդը, դվայնիկ, տռայնիկ, ֆրի ու հաշիվը

Օգտագործման նախադեպը՝ ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի շուրջ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցը, որտեղ մեղադրանքի աբսուրդը ներկայացնելու համար նա փորձում էր հղում անել Կուստուրիցայի արվեսսին, բայց փոխարենն ասեց՝ կուշտունիցա։ 

Share Button

ինքնուկ

[selfie] Ինքնուկը որևէ լուսանկարող սարքի, իսկ ավելի հաճախ՝ խելախոսում ներդրված ֆոտոխցիկի միջոցով մարդու կամ նկարելու կոճակին սեղմելու ունակ որևէ այլ արարածի կողմից ինքն իր կամ իր մասնակցությամբ ստեղծված լուսանկարը կամ ինքնալուսանկարն է։

Հաճախ ինքնուկի ստեղծման համար օգտագործվում են թայմերը, հայելիներն ու մոնոփոդները (ինքնափեդ)։ Սակայն հիմնական գործիքը տարածության վրա ձգված սեփական ձեռքն է։ Էվոլյուցիայի տեսաբանների կարծիքով ինքնուկոմոլության արդյունքում սելֆիմանյակների ձեռքերը ժամանակի ընթացքում երկարելու են մոտ 35%-ով, ի դեպ միայն մեկ՝ ձախ կամ աջ ձեռքը։

Ինքնուկի ավանդական դիրքավորումներից  է բադապռոշը, երբ ինքն իրեն լուսանկարողը օբյեկտիվին է նայում հատուկ ուռցրած շրթունքներով և վավաշոտ հայացքով՝ կարծես ի ցույց դնելով իր սեռական աշխատասիրությունը կամ ինքնանպատակ սեքսունակությունը։  

Հայ իրականության մեջ տարածված է ինքնուկաշինության ազգային ազատագրական տարբերակը՝ սելֆիդայական շարժումը, երբ մեկն անհիմն լուսանկարվում է ռազմական ռեկվիզիտով կամ միջավայրում՝ ի ցույց դնելով, աչքակոխ անելով հայրենիքին մատուցվող իր ծառայությունները։ Սա սքողված լայքահավաքչության տարատեսակ է։

 

Տես նաև՝ սելֆի, սելփի, ինքնալուսանկար

 

Share Button

քրեածիվ

[քրեածին + կրեատիվ] հանցակազմ պարունակող գործողության մեջ հնարամտության, էսթետիկայի, նորարարության և ինտելեկտուալության գնահատման համակցված որակական ցուցանիշ, քրեական ստեղծարարությունը։

Քրեածիվությամբ կարող են աչքի ընկնել ինչպես անհատ հանցագործներն ու հանցովոր խմբերը, այնպես էլ պետական կառույցներն ու մասնավոր կորպորացիաները։

Քրեածիվ ժանրի դասականներից են ֆինանսական տարատեսակ բուրգերը, Եթովպիայում անսպասելի մահացած և իր ողջ կարողությունը ձեզ կտակած մինչ այդ անհայտ միլիոնատեր քեռու փաստաբանից նամակը, բանանն իբրև արդյունաբերական հումք Հայաստան ներմուծելը (տես՝ ներմուծաբան), մանրածախ առևտրի ահռելի բիզնեսն իբրև շարքային աշխատակիցների անհատ ձեռներեցություն ձևակերպելը, ճնշումը չափելու համար պետական բուժհաստատություն մտած տատիկի վրա լեղապարկի փոխպատվաստում ձևակերպելը և այլն։

Տես նաև՝ դոմփինգ, գերագահ շահ

Share Button

ներմուծաբան

[ներմուծել + վերլուծաբան] Ներմուծաբանները գաղջահայաստանի այն խոշոր սերժամերձ ձեռնարկատերերն էին, ովքեր հատուկ արտոնություններ ունեին ներմուծելու որևէ ապրանքատեսակ և իրավունք՝ խոչընդոտելու ուրիշներին նույնն անելու գործում՝ կիրառելով դոմփինգի բոլոր թույլատրելի և անթույլատրելի գործիքները։

Ներմուծաբանության ամենակարկառուն գործիչները լֆիկ մականունով հայտնի Սամվել Ալեքսանյանն էր, ով տնօրինում էր շաքարի ներմուծումը երկիր և դահկանացու քեթրինի Միհրանը՝ իբրև բանանային ներմուծաբան։

Share Button

շոգախտավոր

[շոգ + թոքախտավոր] Շոգախտը Հայաստանում, հիմնականում Երևանում հուլիս-օգոստոս ամիսներին ամեն տարի հետևողականորեն, բայց ամեն անգամ բոլորովին անսպասելի վրա հասած շոգից ամեն քայլափոխի և սոցիալական ցանցերում երևանաբնակների անվերջ տրտնջալու ու բողոքելու մասսայական պսիխոթերմատիկ վարքագիծն է։

Մասնագետների պնդմամբ ժամանակակից Երևանում շոգնատանջության դրսևորումներն ավելի ընդգրկուն ու անտանելի բնույթ են կրում քան ասենք մերձարևադարձային հին Բաբելոնում։

Այն փաստը, որ արևադարձային բազմաթիվ երկրներ ունեն կեսօրվա և առհասարակ անտանելի շոգին դիմակայելու իրենց ավանդական մեթոդները՝ օրինակ սիեստան, իսկ Հայաստանում նման ավանդույթ չկա, մարդաբաններին թույլ է տալիս ենթադրելու, որ չնայած ամեն տարի սանձազերծվող շոգեխանգարմունքին, հայերը բացարձակ և անհիմն լավատեսներ են, քանի որ աշնանային շոգեհանգստից հետո տառապանքի տապն անմիջապես մոռացվում և վերջինը լինելու հույսով պահվում է ենթագիտակցության ետնախորշերում։

Շշուկներ են պտտվում, որ շոգախտավորների աղանդավորական թևը, որ կոչվում է շոգեգալստական, ամենաշոգ օրերին ծիսական զոհաբերություններ է կատարում իրենց շոգեվոր հովիվ հռչակված Գագիկ Սուրենյանին՝ օրհնած ֆրեոնով լի փոքրիկ սրվակներ պայթեցնելով և Արագածից բերած ձյունով Հանրապետության հրապարակում ձնագնդի խաղալով։

Շոգի ու տապի անտանելի չափերից ստատիկ բողոքողների առանձնակի ծանր դեպքերը մասնագիտական գրականության մեջ բնորոշվում են իբրև շոգեկան հիվանդներ։ Հիվանդության ախտանիշները սովորաբար դառնում են խրոնիկ և հետագայում նրանք  բողոքում են ցանկացած տանելի և անտանելի եղանակային իրավիճակներում՝ ցրտին, անձրևին, ձյանը, կարկուտին, մեղմ հովին, զովին, քամուն և այլն։

Տես նաև՝ եղանակային չտեսություն, սառնամանյակ

Share Button

որձառություն

[որձ + փորձառություն] էրոտիկ արկածներ փնտրող, բայց էկզիստենցյալ հուսահատություն գտնող տղայական կամ տղայամերձ փորձառությունն է։

Որձառության ուսումնասիրմամբ զբաղվող գիտությունը կոչվում է որձագիտություն, իսկ գիտնականները՝ որձագետներ։

Share Button

աժժջան

[ԱԺ/ազիզ + ջան] ընտրակեղծիքներով, ընտրակաշառքով ձևավորված ձեռնասուն, ջերմոցային օրենսդիր մարմին կամ ասքային ժողով, որը հանրահռչակված կամ ստվերային սեփականատիրոջ կախարդական «աժժջան» գաղտնաբառ-հրահանգով կարող է  քննարկել և ընդունել ցանկացած օրենք, որոշում, հայտարարություն։

Հայոց նորագույն պատմության մեջ աժժջանի ամենադասական օրինակները եղել են 5-րդ և 6-րդ գումարման ազգային ժողովները, որտեղ ՍՍ-ին պատկանող ձեռնասուն մեծամասնությունը կազմում էր քրեաօլիգարխիկ հանրապետականքը, այն է՝ զոռավար գեներալիտետը, մի քանի մշակույտային գործիքները, մենաշնորհային մոլագարխները, ուսխորհրդային երիտհանրապետականքը և այլք։

Հրահանգավորման օրինակ՝ աժժջան, մի հատ էս հարկային օրենսդրության փոփոխությունը կստորագրե՞ս – վռազ եմ, աժժջան մի հատ էս տնտեսական մենաշնորհը կարտոնե՞ս, աժժջան, մի հատ էս հայուգենին անհարիր երևույթը կդատապարտե՞ս, աժժջան, մի հատ էս պայմանագրին կողմ լինելով դեմ կքվեարկե՞ս, աժժջան, մի հատ կպպզես վրովդ թռնեմ, աժժ ջան, մի հատ դառը կոֆե ու հաշիվը։

Որպեսզի թավշյա հեղափոխությունը գողափոխության չվերածվի և Հայաստանն ի վերջո ունենա ընտրված օրենսդիր մարմին, Նիկոլ և պայմանագրայիններ անսահամանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2018-ի մայիսից ձեռնարկեց սույն պատգամավոռների հասցեական պիղծինգ ռեալիթի շոուն։

 

Բառի համատեքստը՝ ՀՀԿ համամասնական ցանկով ընտրված ԱԺ պսեվդոպատգամավոր հայտնի ներմուծաբան Սամվել Ալեքսանյանի կողմից լրագրողներին դիմելու՝ աժժ ջան արտահայտության վերաիմաստավորումն է։

Share Button

ներխուժաններ

[ներխուժել + խուժաններ] Ազգային անվտանգության ծառայության հատուկ գերատեսչություն, որի հիմնական գործառույթները կայանում են  Գաղջահայաստանի խորհրդանիշ հանդիսացող դեգենեռալների, մոլիգարխների և այլ անհայտ ձեռներեցների կալվածքներ օրենքի տառին համապատասխան, շնորհքով ներխուժելը, ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկերը բացահայտելն ու տեսագրությունը հանրայնացնելը։

Հեղափոխությամբ դուխավորվԱԱԾ ներխուժանների դիմակավոր ստորաբաժանումները գավառ առ գառավ լիսկաթափում են բռնազավթված հայոց անդաստանները։ Ներխուզումից հետո ամենաթողությունից հաբռգած ֆեոդալ-ճոյտատիրական հաստավիզնեսը հեղափոխության դատին է հանձնում ոչ միայն քաղաքատնտեսական դիրքերն այլ նաև սեփական եզաճկուն մերձավորներին՝ հավատարմության և օրինապահության քֆուր ուտելով։

Չնայած հեղափոխությունը թավշյա է, ներողամիտ և խրախուզում է շակալաքլորների ինքնամեղանչը, այնուամենայնիվ որոշ առանձնակի ծանր դեպքերում քյալբանտարկյալների ու չաղբանտարկյալների գոյությունից խուսափել չի հաջողվում, ինչպես օրինակ տուշոնկա Մամվելի  մորակառույցում առաջնագծից թալանված զինվորական ծանրոցների հայտնաբերումից հետո։

Կարգախոսը․ «Ինչ անում ենք, շնորհքով ենք անում, ինչ անում ենք՝ լայվ»։

Համատեքստը․ Արտահայտությունը ծնվել է Շմայս մականունով հայտնի Առաքել Մովսիսյանի բնակարանում 2018 թ․ ԱԱԾ-ի անցկացրած խուզարկության մասին վերջինիս տված մեկնաբանությունից, այն է՝ «․․․ շատ շնորհքով, օրենքի տառին համապատասխան ներխուժել են իմ տուն․․․»

 

Share Button

թյուրիզմ

[թյուր + տուրիզմ]  Տուրիզմի և դրա զարգացման անվան տակ մատուցվող բոլոր այն օրենքները, հայեցակարգերը, ձեռնարկները,  պռոեկծիկները, մեգանախագծերը, պարապախոսութուններն ու հատկապես անգործությունը, որ ուղղակիորեն վնասում է Հայաստանում ներգնա տուրիզմի ոլորտի կայացմանը։

Հայաստանը թերևս միակ երկիրն է, որտեղ անգամ գործում է (համենայն դեպս մինչև թավշյա հեղափոխությունը) մի աբմողջ թյուրիզմի վարչություն, որի պետերը սովորաբար ոլորտի իրական մարտահրավերներին անտեղյակ կամ դրանք ընդունելու լծակներ չունեցող անձինք են եղել։

Թյուրիզմի քաղաքականության տակ միանգամից տեղավորվում են հանքաարյունարբության բոլոր ձեռնարկները, հայոց ճանապարհաշինության տասհազարամյա ավանդույթը, արտաքնոցային ենթակառուցվածքների համախառն դեֆիցիտը, թանկ ավիատոմսերը, մեկ էլ են թուրքական խույնզգույն կտորը, որ հայեցի էթնոմիջավայր ստանալու համար օգտագործում են սփռոցներ և տարազներ կարելով։

Թյուրիզմի կամ անդուրիզմի դրսևրումենր են նաև քաղաքային և գյուղական էնդեմիկ միջավայրերի, ճարտարապետական միջնադարյան կոթողների եվրոռեմոնտը տեղական ինքնակառավարման քանդոնների և այլ բարեքանդների կողմից։

 

Բառի սկզբնաղբյուրը՝ Արա Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառում

Share Button