Ձեռնարկի մասին

Կարեն Անտաշյան, այլերեն բառարանի հեղինակը

Բարի գալուստ այլերեն՝  լեզվական սայթաքումների և նորաբանությունների հայերեն առցանց համալրվող բառարան:

Սովոր՛եք այլերենն ու ընդլայնե՛ք հայերենի չիմացության ձեր սահմանները:

Իսկ հիմա ավելի լուրջ: Նախ, ներողամիտ եղեք որոշ բառերի թերի կամ բացակայող մեկնաբանությունների համար: Վերջիններս կուտակվում են սպասման իրենց հերթում։ Նախագիծը նոր-նոր է մեկնարկել և դեռևս գոյացման ու տեսական հիմնավորման փուլում է: Քանի որ նախնական մտահղացումն արդեն մի քանի անգամ վերափոխվել է, ուրեմն վերջնական սահմանումների հավակնություն չունենալով, միայն նշեմ մի քանի տեսական ձևակերպումներ, որոնց շուրջ այս պահին կայանում է ձեռնարկը:

ա. Նախ, հեգնանքի ու հումորի տիրույթից պեղված բառերի ակադեմիական ոճավորմամբ դասակարգումն ու մեկնաբանումն ինքնին շատ զվարճալի է:

բ. Կա բանավոր կենդանի լեզու, որը պետք է արձանագրվի, մեկնաբանվի ու գիտակցվի:

գ. Քանի որ, ըստ էության, լեզուն նաև այն կրողի ախտորոշումն է, ապա անձի լեզվական սայթաքումները հոգեվերլուծության և նրա հոգեբանական խնդիրների բացահայտման համար առատ հումք են հանդիսանում: Հայ արդի բանավոր և առցանց լեզվամտածողության մեջ ծնվող և ապրող այս լեզվական սայթաքումները կարող են նույն գործին ծառայել – արդեն հանրայի՛ն հոգեվերլուծության իմաստով: Մեկնաբանությունները բացահայտում են իրական հանրային տրամադրությունները, հասարակական, քաղաքական, մշակութային ոլորտներում առկա խնդիրների քննադատությունն ու ծաղրը:

դ. Այլերեն շատ բառեր, իբրև գոյութուն ունեցող բառերի և/կամ դրանց իմաստի նենգափոխություններ, ծնվում են լեզվի հանդեպ քամահրական, հեգնական վերաբերմունք արտահայտելու մեթոդով, կարծես հղում անելով լեզվական կամ իմաստային կարծրատիպերը հաղթահարելու անհրաժեշտությունը: Սա նույնպես ուշադրության ու ուսումնասիրության արժանի երևույթ է:

ե. Այլերենի ստեղծագործական մեթոդը՝ գտածո կամ առկա բառերի համար հարմար իմաստներ և առկա իմաստների համար արժանի բառ ու բառախումբ գտնելն է՝ ընթացքում պահպանելով առողջ ցինիզմն ու ակադեմիական սթափությունը:

Ուրախ կլինեմ, եթե նոր բառեր ու նոր իմաստներ առաջարկեք: Հաշվի առեք, որ նույնսիկ եթե բառը կամ նրա նենգափոխված այլերեն իմաստը դուք եք հորինել, ապա այդ հանգամանքն արձանագրող հղումը նույնպես կհրապարակվի բառարանում:

Շնորհակալություն:

Կարեն Անտաշյան

ՄԱՄՈՒԼԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ՝


PanArmenian.net – Այլերեն. նորալեզվի արդարացումը

Share Button