պարսատիկ

[պարսիկ + ատել]  անշառ պարսատյացություն դրսևորող անձ, ազգային-պահպանողական շարժում, որի ներկայացուցչները՝ պարսատիկները չտես ու հուշտհուշտիկ այն հայերն են, ովքեր չեն թաքցնում նովրուզի տոնակատարության համար Հայաստան եկած պարսիկների հանդեպ իրենց ռասիստական անհանդուրժողականության հասնող վատ վերաբերմունքը, բայց ոչ ավելին: Պարսատյացության դրսևորումները հայոց մեջ այնքան խորը պատմական արմատներ ունեն, որ դրանք իրենց զգացնել են տալիս Երևանում իրանցի զբոսաշրջիկների հայտնվելուն պես՝ հրապարակներում ու սոցցանցերում հրահրելով մասսայական նևրուզ: Բարեբախտաբար պարսիստական դրսևորումները չեն անցնում ֆեսյբուքում պոստավարայրյան ոճի բարոյախրատական ստատուսներ գրելուց կամ էլիտար խանութներ պարսիկների մուտքը արգելելուց այնկողմ: Այս օրերին գրանցվում է նաև պարսիստ-տաքսիստների քցողականության կտրուկ աճ:

Հայաստան հանգստի այցելած իրանցիների իբրև շարքային տուրիստներ ընկալելուն հետևողականորեն խանգարում են նրանց շարքերում առկա բազմապատիկ պարսապզուկները, ում համար մեր հինավուրց և ծանԴր երկիրը սխալմամբ ասոցացվում է անսահմանափակ ալկոհոլի, հայրենական էրոտիկ ծառայությունների և եվրո-անսանձ վարքագծի հետ: Սրանք ոչ թե զբոսաշրջիկներ, այլ անբռնազբոս պատեհաշրջիկներ են, որ հետևանք, կամ անհետևանք արկածներ են փնտրում ու փաստորեն նաև գտնում մեր արևախանձ-վարդագույն մայրաքաղաքում:

Տես նաև՝ այլաբոհ, իրանախախտ, Իրանք, նովրուզաշառ, չԻրանի ծիր, պարսադուլ, պարսածոցիկ, պարսահուշտռիկ, պարսաչարչար, պարսատինք, պարսատիտիկ, նովրուզահայ, պարսավանք, պարսատիստ, պարսաֆոբիա:

Share Button

սառնամանյակ

[սառնամանիք/maniac] Հայաստանում հիմնականում մարտին եղանակների փորձնական (demo) տաքացմանը հաջորդող ջերմաստիճանի կտրուկ անկումը, որն ուղեկցվում է բերքատու ծառերի զանգվածային ցրտահարմամբ, հաղորդակցության ուղիների վատթարացմամբ, սեզոնային հիվանդությունների մասսայական տարածմամբ և այլ ուղեկից փորձանքներով:

Սառնամանյակի ավագ շաբաթին ավանդաբար նախորդում է գյուղտնտնախի համահայկական փոստահարությունը էքստերիերի և ինտերիերի կանխարգելիչ ծխային պրոցեդուրաներ  անցկացնելու թեմայով և հաջորդում՝ ծիրանի գնի 500%-ով թանկացման կանխատեսումը: Ժողովրդական բանահյուսության մեջ ընդունված «պառվի ուլեր» արտահայտության էմանսիպացված տարբերակն է:

Տես նաև՝ նամարտություն, սայթյունավտանգ

Share Button

ծաղկաջարդ

[ծաղիկ+զարդ/ջարդ] քրիստոնեական ավանդույթի մեջ՝ զատկից մեկ շաբաթ առաջ տոնվող ծաղկազարդի տոնին ընդառաջ արձանագրվող զանգավածային վանդալիզմ ուռենիների և այլ նորաբողբոջ ծառերի հանդեպ: Ժողովրդական և եկեղեցական ավանդույթի ուժով ամրագրված ծառերի  զանգվածային ճղակոտոր-ջարդը տարեցտարի ավելի է ուժգնանում՝ հարակից օրգանական ապրանքատեսականու ավելացմամբ հրահրելով իսկական սպառողական հիստերիա:

Տես նաև՝ ծառջարդար

Share Button

հեռվաշեն

[հեռու + շեն] հայկական լեռնաշխարհի անմատույց, քաղաքակրթության համար անհաս հեռուներում գտնվող հիպոթետիկ հայկական բնակավայր, ուր չեն հասնում հեռուստա և ռադիո ալիքները, չկա ինտերնետ, գիտելիքներ մարդու իրավունքների և հիմնարար ազատութունների մասին, տեղյակ չեն Արիստոտելեսի և Պլատոնի ոչ միայն հիմնական աշխատությունների, այլ նաև հավանական գոյության մասին, «հոմովս» կամ «ուտեմ քեզ» արտահայտությունները ընկալվում են ուղիղ իմաստով, աղոթքներն ու անեծքները կարողանում են հակազդել գրավիտացիոն դաշտին և այլն:

Քանի որ Հեռվաշենը չի տեղայնացվել GPS համակարգի կողմից, ենթադրաբար այն վերգիտակցական կեցավայր է ու ձեզ հետ, ձեր կողքին ապրողներից շատերի հեռվաշենցի լինելը կարող եք բացահայտել նրանց և իրականության միջև առկա տարածաժամանակային խզումը մատնող տարօրինակ վարքագծից:

Քվանտային մեխանիկայի՝ զուգահեռ իրականությունների գոյության հիպոթեզի ջատագովները հաճախ են հղում անում հեռվաշենի առկայությանը, իրենց տեսությունը հիմնավորելու համար:

Share Button

դիասպորտ

[դի/ձի + սպորտ] Էզոթերիկ ընտրակեղծարարության մրցաշար, որն անց է կացվում Հայաստանում ցանկացած ընտրությունների ընթացքում: Թաքնված դիասիրության տարատեսակ է: Դիասպորտի վարպետները մրցում են, թե ով ավելի շատ հանգուցյալի ներկայություն կապահովի ընտրություններին: Լայն ժողովրդականություն վայելող, բայց դեռևս պաշտոնապես չճանաչված սպորտաձև է: Ազգագրագետների կարծիքով վաղնջահայությանը բնորոշ՝ նախնիների պաշտանմունքը վերածնելու ինքնաբուխ մի շարժում է սա: Մինչ նախնիների ընտրության իրավունքի պաշտոնական հաստատումը դիասպորտի ֆեդերացիայի գործառույթները հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովն է ստանձնել:

Share Button

ֆեյսբուքահայ

[facebook + հայ] ֆեյսբուք սոցիալական ցանցի հայկական համայնքի՝ ֆեյսբուքահայության ներկայացուցիչ: Համայնքի ինքնորոշումն ու կայացումը հայկական երազանքի իսկական մարմնացումն է՝ այսինքն Հայկական լեռնաշխարհում աշխարհագրական տեղորոշում ունենալու պարտականությունից զերծ լինելով՝ իրավունք ունենալ համահայկական կարևորության հարցերում խառնվելու, քննադատելու, դատելու, դատափետելու, հպարտանալու կամ հուզվելու հայեցիաբար, անկախ նրանից թե Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում ես ապրում, թե Նյու-Յոքի Սենթրալ Փարքին նայող երկնաքերում: Ուտոպիստական միջին վիճակագրական ֆեյսբուքահայը առաջադեմ է, հայագիր, պահանջատեր, սթափ է մտոք, զվարթ է, կրեածիվ, քաղաքացիական պարտքի բարձր գիտակցումով, անկաշառ, ընդդիմադիր, լիբերալ, խաղաղասեր, բարձրաճաշակ: Սրա մասին կռահում ենք. երբ վերջինս հանդես է գալիս այդպիսին չհանդիսացողների դեմ առողջ քննադատության դիրքերից և ստատուսներ (հանրագրեր) գրելով իր անհամեստ ներդրումը ունենում Երկիր մոլորակի փրկության դժվարին գործում: Վերլուծաբանների կարծիքով ֆեյսբուքահայաստանն այն Հայաստանն է, որը վաղն էր գալու, եթե ֆեյսբուքը չստեղծվեր, իսկ այսպես հայրենյաց բոլոր պայծառ գլուխները ստատուս գրելով սուբլիմացնում են իրենց ինն ու յանը, իրական կյանքի համար շարունակելով մնալ ձանձրալիորեն հին ու բարի դամբուլյաններ:

Տես նաև՝ զմայլիկխառնատառ

Continue reading ֆեյսբուքահայ

Share Button

դահկանացու

[ԴԱՀԿ + մահկանացու] դահկանացուն homo sapiens-ի հակաէվոլյուցիոն դեգրադացման արագ բամզացող մետամորֆոզ է, որը ծառայողական պարտականության կամ պետական գերագահ շահի հղումով ընդունակ է բռնագրավել անգամ երեխայի զուգարանակոնք, ծերունու ատամնաշարի պրոթեզ, հոտավետ վաղ-սովետական հողաթափեր, իսկ կանխատեսվող ոչ հեռավոր ապագայում նաև արտածծել արյուն ու բռնահանել ներքին օրգաններ այն անձանցից, ովքեր պետության, մասնավոր ընկերությունների կամ անհատների նկատմամբ ֆինանսական պարտավորություններ ունեն և ի վիճակի չեն դրանք մարել:

Share Button

ղզիկ

[kız թրք. + իկ] ‪թուրքերեն kiz – աղջիկ բառի հայկական տեղայնացումն է: Օգտագործվում է կանացի բայց ոչ տրանսգենդեր, կամ հոմոսեքսուալ սոցիալական վարքագիծ դրսևորող տղամարդկանց հակաբրուտալ պահվածքը ծաղրելու համար: Ավելի նրբաճաշակ հագնվելը, ջութակ նվագելը, խնամված մազեր և եղունգներ ունենալը, վարդագույնը՝ սևից, Տերյանին Չարենցից նախընտրելը օրինակ կարող են համարվել ղզիկության նշաններ: Ռոմանտիկ սենտիմենտը ա’լյա սրտիկով փուչիկներ ի հակադրումն «աղջի, հըլը մի հատ տապչկեքս բերի» հանդեպ ակնհայտ ղզիկություն է: Երկու սեռերի կողմից էլ հաճախ է օգտագործվում սեփական զգացմունքային թուլությունը ինքնահեգնանքով արդարացնելու համար: Օգտագործվում է նաև տղաների նորմատիվային տղայականությունը խրախուսելու և ոչ նորմատիվային պահվածքը սաստելու համար: Մասնագետները դեռևս վիճում են ղզիկ‬ եզրը թաքնված սեքսիստական դիսկրիմինացիա պարունակում է թե չէ: Եվ արդյոք պետք է պաշտպանել տղամարդկանց ղզիկ լինելու իրավունքը: Ըստ ֆեյսբուքյան և թվիթերյան հեշթեգերի վիճակագրության, այս բառն ամենաշատը կանայք են օգտագործում:

Տես նաև՝ թսիկ, ստասիկ, ինժեներ բալա

Օգտագործման օրինակներ՝

  •  Ֆեյսբուքյան խումբ «Սերը ինքը մի քիչ ղզիկ բան ա»,
  • Թվիթ՝ «էհ, շատ #ղզիկ բան ա բանաստեղծ լինելը»
  • Արդյոք քո գլամուրնի, ՂԶԻԿ, քեզնից ավելի սիրուն հագնվող ընկերը համասեռամոլից լավն է, ու ինչպես հասկանալ, որն է սահմանը ղզիկության և համասեռամոլության մեջ:
Share Button

դարդի 8

[մարտի/դարդի 8] բռնակալ, կապիտալիստ, կղերական, քյառթու, ռազմատենչ ու ծույլ տղամարդկանց իշխանությունից ազատվել ուզեցող կանանց պայքարը խորհրդանշող տոնը՝ մարտի 8-ը ժամանակի հետ հենց նույն տղամարդկանց կողմից մուտացվեց դեպի ծաղիկ-մաղիկ նվիրելու, հետո էլ այդ պարտականությունից բողոքելու, փնթփնթալու տոնի՝ դարդի ութի:

Share Button

ռուսկախոս

[русский + ռուսախոս] սովետական քաղքենի ինտելեգենցիայի ռուսամոլության վերածնունդը նոր ժամանակներում՝ սնոբիզմի ու բթամտության առավել սուր արտահայտված մուտացիաներով: Ռուսկախոս են անվանում ռուսերենի իմացությունը հայերենի հանդեպ իբրև գերազանցություն ենթադրողներին, որոնք միևնույն ժամանակ աչքի են ընկնում թե՛ ռուսերենի, թե՛ հայերենի չիմացությամբ: Օրինակ ռուսկախոսության դասականներից է «տի տոժե ռուսկայա շկօլա սկանչալսա?» արտահայտությունը:

Տես նաև՝ ռուսկախոսնայա, ռոսիյամոլ, եվրոպատուհաս

Share Button