դաս&հաց

[դասընթաց/& + հաց] վարպետության դաս, թրեյնինգ, սեմինար, ուսումնական որևէ այլ գործընթաց, որի ընթացքում ենթադրվում է նաև հյուրասիրություն: Հացի բաղադրիչը շատ հաճախ դաս&հացների մասնակցելու գլխավոր դրդապատճառն է:

Տես նաև՝ հացուկաց

Share Button

ներդաշնակ

[ներքին + դաշնակ] անկախ ազգության, սեռի ու տարիքի յուրաքանչյուր մարդու բնորոշ է սեփական ներքին դաշնակի առկայությունը: Ներքին դաշնակը, ինչպես և քաջածանոթ ներքին ստրուկը մարդու ներքին ազատականացմանն ու ոգևոր աճին խոչընդոտող մտավոր մակաբույծներ են, որ իրարից տարբերվում են միայն գաղափարական պատրաստվածությամբ: Եթե ներքին ստրուկը դրդում է տարերային ստրկամտության, ապա ներքին դաշնակը դա անում է գաղափարապես հիմնավորված ու մարտական բարձր ոգու հանգամանքներում: Ներքին դաշնակն անթրաշ է, ագրեսիվ, ինքնամեծար, ինքնանպատակ և պահանջատեր (պահանջելիքը կապ չունի): Ներքին դաշնակը ոչ թե քաղաքական, այլ մտաորսական կատեգորիա է, որ պարարտ հող է գտնում պատմական անորոշ հանգամանքներին և մարտական ռոմանտիկային հղումներ անելիս:

Share Button

թոռնո

[անԹաքույց + պոռնո] որևէ իրավիճակի, երևույթի, գործընթացի էության փոխաբերական նույնականությունը պոռնոգրաֆիայի, այսինքն անկանոն և անխնա սեռական հարաբերությունների հետ:

Կիրառման օրինակ՝

  • Հ1-ով կրկին թոռնո ա, գլխավոր դերում՝ մեկ ազգի պարագլուխը:

Տես նաև՝ հոռի

Share Button

դզել

Օգտագործվում է՝ դզեց տարբերակով: Հաճույքի ինքնաբուխ և հոգեպարար արտահայտություն, արվում է իրավիճակում, երբ տառապանքներով և հոգսերով լի կյանքը պահի տակ թվում է հիասքանչ և հաճելի:

Share Button

ցերեկոյան

[ցերեկ + երեկոյան] հաճելի դիպվածների մեծամասնությունը տեղի են ունենում երեկոյան, իսկ ցերեկները հիմնականում սպառվում են այդ հաճելիությունները պլանավորելու և դրանց համար գումար վաստակելու վրա: Սակայն լինում են նաև հաճելի բացառություններ. ահա, ցերեկը տեղի ունեցող հաճելի իրադարձությունները մատնանշելու համար էլ հենց օգտագործվում է ցերեկոյան բառը:

Share Button

հորինած երկիր

[Օրինաց/հորինած + երկիր] Օրինաց Երկիր կուսակցության այլընտրանքային ժողովրդական անվանումն է: Ընդգծում է այդ կառույցի գաղափարական սնանկությունն ու քաղաքական անգործունակությունը: Պսեվդոընդդիմադիրից իշխանահաճո քաղաքական ուժի դիրքեր և հակառակը կատարած բազմակի սահուն անցումներից հետ, կազմակերպությունը 2015թ վերափաթեթավորվեց նոր՝ Հայկական վերածնունդ անվան տակ:

Օգտագործման օրինակներ՝

  • Բնությունը պատահական չի ստեղծել սեքսը՝ երկուսի միավորումը կարևոր նշանակություն ունի առողջ գեների փոխանակման տեսանկյունից, իսկ այ ինքն իր հետ միավորվող տեսակը դատապարտված է, ինպես Հայկական վերածնունդ միավորում անվան տակ ինքն իր հետ միավորվող Հորինած երկիր կուսակցությունը:
Share Button

զմայլիկ

[զմայլել + սմայլիկ] համացանցում և թվային գրավոր հաղորդակցության այլ համակարգերում օգտագործվող գրաֆիկական պատկեր, նշան, որը հստակ զգացմունքներ է արտահայտում: Օրինակ՝ երջանկություն, սիրահարվածություն, տարակուսանք, հավանություն,  մանյակալ-դեպրեսիվ պսիխոզ, սեռահասունացման տարիքի ճգնաժամ, գառան խաշլամա ուտելու ախորժակ, Լև Տոլստոյի Աննա Կարենինա վեպը կարդալու ցանկություն, Հասարակածային Գվինեա ճամփորդելու ընթացքում նավաբեկության ենթարկվելուց և մարդակերների մոտ գերի ընկնելուց վախ և այլն: Զմայլիկների օգտագործումը նվազագույնի է հասցնում մտածելու, զգալու, երևակայելու և ապրելու բոլոր նախնադարյան և հետամնաց վերապրուկները:

Share Button

թրաշամանուկ

[թրաշա/հրաշամանուկ] մորուքի միջոցով սեփական նրբազգա և փխրուն էությունը թաքցնել ուզեցող արական առանձնյակ:

Առնականության և վայրի-բնականության արտահայտման ժամանակակից թրենդների՝ միթոմների հովերն ընկած տղամարդկանց շրջանում զանգվածային թրաշապահություն է նկատվում: Սրա արդյունքում ավելի ու ավելի է դժվարանում տարբերել թրաշամանուկներին թրաշաբիձուկներից, քյառթոսահայությանը՝ բոհեմահայությունից, հիպստերահայությանը՝ ծուլամորթ փնթիներից:

Տես նաև՝ անտիդոդիկ

Կիրառման նախադեպ՝

  • «Տիգրան Սարգսյան – Կենդանակերպի նշանը՝ թրաշամանուկ:»
Share Button

պաթոսահայ

[պաթոս + հայ] Հայկական ինքնությունը (իբր թե) մարմնավորող իրերի, երևույթների, պատմական փաստերի, ստեղծագործությունների, աշխարհագրական վայրերի հանդեպ էքզիստենցիալ օրգազմիկ ապրումներ արտահայտող (երբեմն նույնիսկ զգացող) հայ: Առանձնանում են պաթոսահայի հայեցիորեն կրոնականացված, ռազմականացված և թատերականացված տարատեսակներ: Պաթոսահային կարող են գրգռել օրինակ «մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում», «հայ գենի հաղթանակը» «հայեցի» «հայ մարդուն անհարիր» «ոսկեղենիկ մայրենի» «պարույր սևակ» արտահայտությունները:

Տես նաև՝ բաստուրմատոր

Օգտագործման օրինակ

  • Պաթոսահայ է կոչվում ողբահայի եւ մունաթահայի քնարերգական էքստատիկ սիմբիոզը:
Share Button

լրաթվական

[լրատվական + թվացյալ] լրաթվականը թվացյալ լրատվական կայք է, սոցիալական ցանցերում էջ, որ կեղծ-գրավիչ վերնագրերի, ֆոտոների ու տեսանյութերի միջոցով այցելությունների, դիտումների ու լայքերի քանակություն է գեներացնում:

Լրաթվականների կողմից օգտագործվող վերնագրերը հիմնականում կառուցվում են այսպիսի մոդելային բաղադրիչներով՝ «շտապ», «սենսացիոն», «անհավատալի է, բայց..», «այն, ինչ տեղի ունեցավ հետո, պարզապես ցնցող էր…»:

Քիչ թե շատ գրագետ օգտատերը պետք է կարողանա տարբերել տեղեկատվության նմանակումը տեղեկատվությունից, եթե իհարկե առհասարակ դա հնարավոր է անել ժամանակակից աշխարհում:

Տես նաև՝ լայքահավաք, լրագող, լռագրող

Share Button