շպարազինություն

[շպար + սպառազինություն] Իգական սեռի մարդկային առանձնյակների շրջանում տարածված ներկանյութերի, սվաղանյութերի և դեմքին դրանց լղոզման գործիքների, միջոցների սպառնալից համախումբ։

Շպարազինության կիրառման հիմնական դրդապատճառներն են հակառակ սեռի առանձնյակների մոտ (ձեռի հետ) առավել ցանկալի երևալը, դեմքը գեղեցկության հանրահռչակված ստանդարտներին համապատասխանեցնելը, առօրեական ձանձրույթը հաղթահարելը, սահմանափակ ռեսուրսների (արուների) համար մրցակից առանձնյակների հետ շպարազինությունների մրցավազքի մեջ մտնելը և այլն:

Այս իրավիճակից օգտվում և այն շահարկում են շպարամթերքի խոշոր արտադրողներն, ովքեր այսպես կոչված նրբագեղության և սեքսուալության հանրահռչակվող և կասկածելի արագությամբ թարմացվող ստանդարտների հիմնական ֆինանսավորողն են:

Share Button

հուսափաբ

[հուսախաբ + փաբ] 2013-2018 թվականներին Երևանի կենտրոնական փողոցների կիսանկուղներից մեկում սեփական փաբ ունենալու հիփստերահայի երազանքից ծնված, բայց գոյատևման ոչ մի շանս չունեցող մանր ձեռներեցություն, որը փոխարինելու եկավ տաքսի սերվիսների և հացի փռերի 2000-ակնների և կոմիսիոն ստոլիկների 90-ականների տենդին կամ տռենդին:

Տես նաև՝ թրաշամանուկ

Share Button

դեգեներալ

[դեգեներատ + գեներալ] Ռազմական ռեսուրսը ինքնանպատակ և բարբարոսաբար մասնավոր քաղաքացիական և քաղաքական ռեսուրսի վերածել ցանկացող պահեստազորի գեներալ:

Կիրառվում է այն բարձրաստիճան զինվորականներին նկարագրելու համար, ովքեր մարտի դաշտում քիչ թե շատ հաջողված կամ հետագայում միֆականացված զինվորական կարիերայից հետո հետպատերազմյան շրջանում հիմնականում բանակից և այլ կասկածելի աղբյուրներից քերած միջոցներով դեգրադացան մինչև կալվածատիրական ձեռներցությունն ու համամասնական քաղաքականությունը:

Հիմնականում Էշմիաձնում ու նրա մերձակա գյուղերում տնավորված դեգեներալներն աչքի են ընկնում պատերազմի բովով անցածի և բազմաթիվ դժվարություններ տեսածի (բարբարոս) արտաքինով, անողոք հայերենով և իռացիոնալ-ագրեսիվ հանրային պահվածքով: Խրախուսում են մատաղ սերնդի հիտլերյուգենտյան ոճով ռազմահայրենասիրական դաստիարակությունն իրենց հովանու ներքո ու վաղ ֆեոդալական իրավահարաբերությունները:

Կիրառման օրինակներ

  • Այսինքն Հանրապետական գաղափարական հենասյունը այժմ պահում են Դեգեներալ Մանվելը, Դեգեներալ Սեյրանը, Շմայսը, Լֆոն և … 

 

Տես նաև՝  սելֆիդայի, զոռավար

Share Button

վախտին մարդազարյան

[Մարտին + վախտին] [մարդ + Վարդազարյան] Հայ ջազային երաժիշտ, երաժշտության պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանին հանրության կողմից տրված անուն-բնութագիր, այն բանից հետո, երբ վերջինս հանրային բողոքի թեժ պահերին իշխանահաճո (տես՝ հետամուտ) հայտարարություններ է հնչեցրել:

Կիրառման օրինակ՝

  • Մարտին Վարդազարյան: Տրանսպորտի թանկացումը պաշտպանելուց հետո` Վախտին Մարդազարյան: 

Տես նաև՝

աղետ բարսեղյան, շահավետ բարսեղյան

Share Button

քանդոն

[քանդել + condom] Քաղաքի (ենթադրաբար Երևանի) ճարտարապետական ինքնությունը ստեղծող շենքերը, շինությունները, կանաչ տարածքներն ու ինքնատիպ պատմական միջավայրերը քանդող և առանց գեղագիտական սկզբունքայնության նորակառուցող անձանց և հաստատություններին քաղաքացիական ակտիվիստների կողմից տրված հավաքական բնութագիր: Ստորացուցիչ արտահայտություն է:

Պատմական հետաքրքիր վկայություններ կան այն մասին, որ ժամանակին Երևանի համընդհանուր վերակառուցմանը լծված Ալեքսանդր Թամանյանին նույնպես այդպես են վերաբերվել ի՛ր ժամանակի ընդդիմախոսները: Սակայն կա մի էական տարբերություն, Թամանյանը իրացրել է պատմական հղումներ ունեցող ճարտարապետական միասնական կոնցեպտ, իսկ նորաքանդոններն առաջնորդվում են միայն կարճաժամկետ գերագահ շահով։

Երկրորդական օգտագործման ավաքանդոններ են անվանում նրանց, ովքեր համայնքի անունից հեզզորեն հաստատում են քաղաքակերի կողմից առաջադրված ցանկացած քանդոնության նախագիծ։

Տես նաև՝ տարոնայք, տարոնինակ, քաքապետ, քաղաքապետքարան, վախտին մարդազարյան, դաստակավոր արտիստ

Share Button

անսերժություն

[ան + սերժ/հավերժ + ություն] Հանրապետական իշխանական բուրգի և հարակից արոտավայրերի տեսանկյունից անսերժությունն այն պոստապոկալիպտիկ ժամանակաշրջանն էր, երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, հետևաբար նաև վերջիններս, ամբողջությամբ կկորցնեին իրենց քաղաքատնտեսական ազդեցությունը: Ժամանակի ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցողների կողմից էլ ընկալվում էր իբրև գերագնահատված լավատեսական մի ժամանակաշրջան, որից առաջ և հատկապես հետո չի տարածվելու ՍՍ-ի ֆորմալ և ոչ ֆորմալ իշխանությունը:

Կիրառության նախադեպ

  • Ի թիվս հաջողության, բարօրության և առողջության բարեմաղթանքների ևս մի հավասարազոր բարեմաղթանք 2000-ականների Հայաստանում՝ Ու թող անսերժություն տիրի Հայաստան աշխարհի վրա:

Թարմացում

2018 ապրիլի 23-ը ՍՍ-ի հրաժարականից հետո համահայկական բուռն տոնախմբությամբ նշանավորվեց իբրև Հայաստանում անսերժության մեկնարկի սկիզբ։

Share Button

բաստուրմատոր

[բաստուրմա + ator] բաստուրմատորը հայրենասիրական կարոտախտի ինքնաբավարարման համար ստեղծված հայկական արտադրության հիպոթետիկ պորտատիվ մաստուրբատոր է:

Շահառու նպատակային խումբը հետսովետական հայկական սփյուռքի այն ներկայացուցիչներն են, ովքեր հայկական ինքնությունը և դրա պահպանումը խիստ ասոցացնում են բաստուրմայի և հարակից այլ հայեցի ապրանքների (օրինակ՝ խաչաձև շշի մեջ լցված կոնյակի, արարատ սարով նկարի) կանոնավոր ձեռք բերման և սպառման գործընթացի հետ:

Տես՝ պաթոսահայ

Share Button

խառնատառ

[խառը + տառ] Թվային միջավայրում որևէ միտք կամ զգացողություն գրառելու համար օգտագործվող գրահամակարգ, ավելի ճիշտ գրահամակարգի բացակայություն, որը կարող է ներառել լատինական, կիրիլյան այբուբեններ, զմայլիկ, մաթեմատիկական ֆորմալ լեզվի բաղադրիչներ անգամ հայերեն այբուբեն: Օրինակ՝ erexeq, ba 4imacaq, gisherva &i&ilyonin ♥-iks sex er uzum, kyanqis smsov gruzit areci, asum a хозукс, байц эс сизонин ес кез сех урдуц чарем? Խառնատառով գրողների մեծ մասն արդարացնում են այդ քայլը տեխնիկական անհնարինությամբ, ժամանակի սղությամբ և հայատառ տեքստում չսխալվելու ցանկությամբ: Հայերենը հայատառ և խառնատառ գրողների միջև խորը աշխարհաքաղաքական և գեղագիտական անդունդ կա, որը անողոք մեղադրանքների ու փոխադարձ վիրավորանքների առիթ է դառնում: Սա հայկական համացանցի միջօգտատիրական հիմնական կոնֆլիկտներից մեկն է:

Տես նաև՝ նորբուբեն:

Օգտագործման օրինակ՝

  • Թշնամին դրսից անգթորեն գնդակոծում է մեր գյուղերն ու ավանները, շատ հայեր էլ ներսից ու դրսից լատինատառ, ռուսատառ և խառնատառ նույնքան անգթորեն «գնդակոծում են» ողջ համացանցով մեկ: Վնաս են հասցնում մեր երկու սրբություններին` հայրենիքին և հայերենին:
Share Button

լայքահավաք

[լայք + հավաքել] ֆեյսբուքահայ համայնքի կողմից շահադիտական նպատակներով հղումների, նկարների կամ այլ հրապարակումների վրա լայքեր և կիսումներ ստանալու մեթոդների ամբողջություն: Օգտագործվում է հիմնականում նորաբույծ լրաթվական կայքերի, պարապ տնային տնտեսուհիների, գրավաճառների և այլքի կողմից: Եթե լայքեր կորզելու համար տնային տնտեսուհիներն օգտագործում են խղճահարության մեթոդը՝ «խնդրում եմ էլի, մեր երեխան մասնակցում է դեղին ճուտիկ մրցույթին և մեզ հինգ լայք է պակասում այս փչովի ոչխարիկը շահելու համար», ապա լրաթվականներն ավելի անմարդկային մեթոդների են ընդունակ, օրինակ՝ «շտապ, սահմանամերձ գոտում տաս զինվոր է զոհվել» վերնագրով հղումներ տարածելով, երբ բացում ես, պարզվում է, որ խոսքը Սոմալիի մասին է:

 Տես նաև՝ շտապ՝ արածել, լայքարշավ, լայքմեջ, լայքատվություն, լայքամուրհակ

Կիրառության օրինակներ՝

  • Միանում ենք ավանդական դարձող գրքային լայքահավաքին:
  • «Հայկական Ֆեյսբուքի չտեսության ամենադասական դրսևորումը` լայքահավաք»:
  • «Միացե՛ք ՖԲիսետկային, Arm View-ն երբեք լայքահավաք խնդրանքով հանդես չի գալիս։, բայց սա ուրիշ դեպք է։»
Share Button

հոռի

[հոռի + ոռի] վատ, շատ վատ, ավելի վատ քան կարելի էր երևակայել: Վերջերս ավելի ու ավելի հաճախ է սկսել օգտագործվել ֆեյսբուքահայերենում, քանի որ անթաքույց հղում ունի վատթարագույնի մեկ այլ հոմանիշ՝ ոռի ածականին:

Օգտագործման օրինակներ

  • Հայտնի մարդիկ ընթերցում են BlogNews-ում իրենց մասին գրված չար, անսիրտ, հոռի քոմենթները…

Տես նաև՝ թոռնո

Share Button