[facebook + հայ] ֆեյսբուք սոցիալական ցանցի հայկական համայնքի՝ ֆեյսբուքահայության ներկայացուցիչ: Համայնքի ինքնորոշումն ու կայացումը հայկական երազանքի իսկական մարմնացումն է՝ այսինքն Հայկական լեռնաշխարհում աշխարհագրական տեղորոշում ունենալու պարտականությունից զերծ լինելով՝ իրավունք ունենալ համահայկական կարևորության հարցերում խառնվելու, քննադատելու, դատելու, դատափետելու, հպարտանալու կամ հուզվելու հայեցիաբար, անկախ նրանից թե Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում ես ապրում, թե Նյու-Յոքի Սենթրալ Փարքին նայող երկնաքերում: Ուտոպիստական միջին վիճակագրական ֆեյսբուքահայը առաջադեմ է, հայագիր, պահանջատեր, սթափ է մտոք, զվարթ է, կրեածիվ, քաղաքացիական պարտքի բարձր գիտակցումով, անկաշառ, ընդդիմադիր, լիբերալ, խաղաղասեր, բարձրաճաշակ: Սրա մասին կռահում ենք. երբ վերջինս հանդես է գալիս այդպիսին չհանդիսացողների դեմ առողջ քննադատության դիրքերից և ստատուսներ (հանրագրեր) գրելով իր անհամեստ ներդրումը ունենում Երկիր մոլորակի փրկության դժվարին գործում: Վերլուծաբանների կարծիքով ֆեյսբուքահայաստանն այն Հայաստանն է, որը վաղն էր գալու, եթե ֆեյսբուքը չստեղծվեր, իսկ այսպես հայրենյաց բոլոր պայծառ գլուխները ստատուս գրելով սուբլիմացնում են իրենց ինն ու յանը, իրական կյանքի համար շարունակելով մնալ ձանձրալիորեն հին ու բարի դամբուլյաններ:
Օգտագործման օրինակ՝
Ինչ պետք է անի իր կյանքում յուրաքանչյուր ֆեյսբուքահայ՝ մեջբերում Գագիկ Մամուլյանի ֆեյսբուքյան գրառումից
- Գոնե կես տարին մեկ պրոֆիլը երկու օրով ապաակտիվացնի, որ տեսնի, թե ով է անհանգստանում իրա «չգոյության» համար:
- Ամիսը մեկ անգամ գոնե, երկու օր օֆլայն մտնի կամ ընդհանրապես չմտնի Ֆեյսբուք ու հետո ստատուս գրի՝ «Ասի տենամ Ֆեյսբուքից դուրս կյանք կա՞… պատկերացրեք, որ իրոք կա»:
- Բոլոր փոքր-ինչ հասարակական հնչեղություն ունեցող հարցերի շուրջ հայտնի իր «պաշտոնական» դիրքորոշումը:
- Հայտնի մարդկանց ծննդյան, մահվան ու այլ նշանակալի օրերին իրանց նկարով ինչ-որ բան գրի իրանց մասին, կամ մեջբերումներ անի: Գրառման վերջում գրի՝ « Լրատվական կայքերին՝ չարտատպե՛լ»:
- Արտատպելուց հետո՝ «Լավ, դե տարել՝տարել եք, բայց հաջորդ անգամ զգուշացրեք, որ քոմենթներին հետևեմ, նենց չի, որ ես PR-ի կարիք ունեմ»:
- Պարբերաբար հիշեցումներ գրի առ այն, որ իրեն խաղի հրավերներ չանեն, առանց իր կամքի խմբերում չընդգրկեն, թեգ չանեն…:
- Կուլտուրայի զոհ գնալով իվենթներին մի հատ “interested” կտտցնի, որ մաաարդ ես, եթե չգնա` ամոթ չլինի:
- Մի երկու անգամ փոր4ի “loooooooooooooool” բառը գրի տենա իրա արժեհամակարգի մեջ տեղավորվում ա ու եթե հա՝ խասյաթ սարքի, եթե չէ՝ գրողներին ձեռ առնի:
- Պարբերաբար անհույս, բայց բարձրագոչ ու խրոխտ տոնով «բաց նամակներ» գրի Պուտինին, Օբամային լավագույն դեպքում Սերժ Սարգսյանին՝ պահանջելով Ղարաբաղի անկախությունը, զորքերի հեռացումը տարբեր պատերազմական թեժ կետերից, արդար ընտրություններ (խնդալու ա) ու նման անիմաստ բաներ…