[kız թրք. + իկ] թուրքերեն kiz – աղջիկ բառի հայկական տեղայնացումն է: Օգտագործվում է կանացի բայց ոչ տրանսգենդեր, կամ հոմոսեքսուալ սոցիալական վարքագիծ դրսևորող տղամարդկանց հակաբրուտալ պահվածքը ծաղրելու համար: Ավելի նրբաճաշակ հագնվելը, ջութակ նվագելը, խնամված մազեր և եղունգներ ունենալը, վարդագույնը՝ սևից, Տերյանին Չարենցից նախընտրելը օրինակ կարող են համարվել ղզիկության նշաններ: Ռոմանտիկ սենտիմենտը ա’լյա սրտիկով փուչիկներ ի հակադրումն «աղջի, հըլը մի հատ տապչկեքս բերի» հանդեպ ակնհայտ ղզիկություն է: Երկու սեռերի կողմից էլ հաճախ է օգտագործվում սեփական զգացմունքային թուլությունը ինքնահեգնանքով արդարացնելու համար: Օգտագործվում է նաև տղաների նորմատիվային տղայականությունը խրախուսելու և ոչ նորմատիվային պահվածքը սաստելու համար: Մասնագետները դեռևս վիճում են ղզիկ եզրը թաքնված սեքսիստական դիսկրիմինացիա պարունակում է թե չէ: Եվ արդյոք պետք է պաշտպանել տղամարդկանց ղզիկ լինելու իրավունքը: Ըստ ֆեյսբուքյան և թվիթերյան հեշթեգերի վիճակագրության, այս բառն ամենաշատը կանայք են օգտագործում:
Տես նաև՝ թսիկ, ստասիկ, ինժեներ բալա
Օգտագործման օրինակներ՝
- Ֆեյսբուքյան խումբ «Սերը ինքը մի քիչ ղզիկ բան ա»,
- Թվիթ՝ «էհ, շատ #ղզիկ բան ա բանաստեղծ լինելը»
- Արդյոք քո գլամուրնի, ՂԶԻԿ, քեզնից ավելի սիրուն հագնվող ընկերը համասեռամոլից լավն է, ու ինչպես հասկանալ, որն է սահմանը ղզիկության և համասեռամոլության մեջ: