ինապլանիծյան

[инопланетянин + յան] իր հայկական ծագումն ընդունող, բայց մեկ է, ռուսական քաղաքացիությունը նախընտրող այլմոլորակային։

Share Button

տոլեռանդ

[տոլերանտ + մոլեռանդ] ֆաշիստական անհանդուրժողականությամբ և ագրեսիվ զգացմունքայնությամբ տոլերանտություն՝ հանդուրժողականություն և այլակերպության հանդեպ համբերատարություն քարոզող անձ։

Տոլեռանդին բնորոշ արտահայտություններ՝

  • Այ հետամնաց կղերականներ, դուք երբևէ լսե՞լ եք, մարդկային քաղաքակրթության մեծագույն ձեռքբերումների՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին։
  • Տխմա՛ր, ես քեզ երբրևէ մի թթու խոսքով վիրավորած կա՞մ, որ դու հիմա քննադատում էս ինձ։
Share Button

լայքմեջ

[like + քաքմեջ] Լայքմեջն այն անհարմար իրավիճակն է, երբ սոցիալական ցանցում քո հրապարակումը բոլորն անխտիր սրտում են, կամ հռհռուկ են դնում, իսկ մեկը մտնում ու չորով լայքամատի կամ լացուկացի զմայլիկի է այն արժանացնում՝ խախտելով մանրախնդիր, բայց հաճելի վիճակագրությունը։

Տես նաև՝ հաքմեջ

Share Button

հայուգեն

[հայի + գեն] պսեվդոգիտական, ռազմահայրենասիրական եզր, որով ինքնամոռաց հայրենասերները հիմնավորում են հայ ազգի որևէ ներկայացուցչի ձեռքբերումներն ու բարոյական նկարագիրը՝ ուղղակիորեն այն վերացարկելով տվյալ մարդու անձնական որակներից և կապելով հայկական ծագման հետ՝ այսպիսով «հայկական գեներին» վերագրելով մոգական ելային տվյալներ կրելու հատկություն։

Վերջին շրջանում հայուգենն օգտագործվում է ավելի շատ հեգնական իմաստով՝ հայկական ծագումնաբանությունը և թերուս նորազգայնականությունը ծաղրելու համար։

Տես նաև՝ հայի տեսակ, դանդուռգեն

Share Button

լոքշ

[локш – локш хамать, локш хлебать] սովետական քրեական ժարգոնից հայկական բանավոր խոսք ներթափանցած և հրաշալիորեն տեղայնացած արտահայտություն: Բնագրում նշանակում է անհեթեթ ու ձանձրալի պարապուրդ, անգործություն, որի հաղթահարման համար խոչընդոտում են արտաքին անհաղթահարելի հանգամանքները:

Սակայն հայոց մեջ լոքշը հասցվել է հոգևոր ինքնասուզման հայեցակարգի մակարդակի, որում հմտացած անհատը հասնում է մեդիտատիվ տրանսին հարող մի վիճակի, երբ իրոք, անկախ արտաքին հանգամանքներից, հաջողվում է ի սպառ սպանել սեփական օգտակար և նույնիսկ անօգուտ գործողության գործակիցն  ու անգամ տեղաշարժվելու ներքին մոտիվացան հասցնել զրոյի: Բայց քանի որ որոշ կենսագործունեությունից հրաժարվել ամեն դեպքում չի հաջողվում, լոքշակեցության սկսնակ ճգնավորները ձգտում են հասնել ապրելու 99% ճշտության սիմուլյացիայի: Առօրյա կյանքում անվարժ աչքը դժվար թե կարողանա տարբերել լոքշակյացին միջին վիճակագրական հայորդուց: Նրա հոգին պարուրած էքզիստենցյալ ապատիան ոչինչ չի մատնում, բացի ժամանակ առ ժամանակ ի խորոց սրտի արտաբերվող «իշ տարբերութուն», «մեկ ա բան չի փոխվելու», «իմմաստը» կարգի արտահայտությունները:

Ասում են, որ լոքշավորության ամենաբարձր մակարդակներում պայծառության հասածներին հաջողվում է քվանտային մակարդակում հաղորդակցվել տիեզերքի հիմնարար, մշտնջենական ձանձրույթին և տարրալուծվել նրա մեջ՝ դուրս պլստալով տառապալից ռեինկառնացիաների անվերջանալի շրջապտույտից:

Share Button

քթածակ

[քիթ + ծակ] մարդու տրամաբանության, վերլուծական մտածողության, ինտուիցիայի, նախաձեռնողականության և իրավիճակին ու միջավայրին հարիր վարվեցողության բնածին կարողությունների բարդ համախումբ արտահայտող որակական չափորոշիչ: Առաջին անգամ քթածակը (որոշ հետազոտողների պնդմամբ՝ դրա բացակայությունը) նկատվել և սահմանվել է հենց Հայկական լեռնաշխարհում: Քթածակը ոչ թե հարաբերական այլ բացարձակ մեծությամբ բնորոշվող կոգնիտիվ ֆենոմեն է, այսինքն այն կամ կա, կամ ի սպառ և անհուսորեն բացակայում է:

Մարդու մտավոր կարողությունների մակարդակի գնահատման համար համաշխարհային պրակտիկայում լայնորեն կիրառվող IQ (intelligence quotient) թեսթի փոխարեն Հայաստանում (ճիշտ է ոչ ֆորմալ կարգով) լայնորեն բոլոր ոլորտներում՝ աշխատաշուկայից մինչ անձնական հարաբերությունները կիրառվում է հենց քթածակի ոչ վերբալ թեսթավորումը: Քանի որ սույն բազմագործոն որակական չափանիշը անհնար է նկարագրել գիտականորեն, այն գնահատելու համար մտցվել է մեկ այլ զուտ հայկական աբստրակտ դեդուկցիայի գործիք՝ աչքաչափը:  

Տես նաև՝  բիթի

Share Button

սելֆիդայի

[selfie + ֆիդայի] Հայ իրականության մեջ վայ-ֆիդայիների սելֆիմանիա երևույթն առաջին անգամ ցցուն կերպով ի հայտ եկավ հայ-ադրբեջանական 2016թ. ապրիլյան պատերազմին հաջորդած շաբաթվա ընթացքում, երբ նկատվեց դեկոլտե կամուֆլյաժով աստղիկների, դեգեներալների, օլիգառլախների և այլ հանրապետականքի ցուցադրական և անխնա ներհոսք դեպի Արցախ:

Սելֆիդային ցանկացած իրադարձություն սեփական անձի հանրահռչակմանը ծառայեցնելու հմուտ վարպետ է: Ինֆորմացիոն առիթից հոտ չի գալիս՝ ասում է սելֆիդայու ճշմարտությունը, հայտնվիր ճիշտ պահին ճիշտ տեղում տեսախցիկի առջև, երևա և երևելի կլինես քանի գործում են սլաքեյեմն ու ֆեյսբուքի գովազդը:

Share Button

ռուսուլման

[ռուս + մուսուլման] Հայաստանի և այլ հետսովետական շարքային երկրների ոխերիմ բարեկամ տՌուսաստանում գերակա ռազմականացված իմպերիալիստական շովինիզմով ախտահարված քաղաքական տարր, որը «ռազմավարական դաշնակցություն» խոստումնալից փաթեթավորման տակ մուտք է ստանում տվյալ երկրի անվտանգության համակարգ՝ այն ներսից քայքայելու և իրեն ստորադաս դարձնելու համար:

Քանի որ առաջին, երկրորդ, երրորդ սերնդի շատ ռուսաստանահայեր շատ ավելի ռուսուլման են, քան տՌուսաստանի քաղաքական վերնախավը, ապա սրանից հետևում է, որ ռուսուլմանիան ազգային պատկանելություն չունի: Հայության մեջ այս գաղափարախոսության ջատագովների մանիֆեստը Խաչատուր Աբովյանի «Օրհնվի՛ էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը մտավ…» հայտնի տողերն են Վերք Հայաստանի վեպից:

Տես նաև՝ Պուտլեր, պուտիլովշիկ, սելֆիդայի

Share Button

հանրապետականք

[հանրապետական + տականք] վաղ ստալինիզմից մինչ ուշ ուլտրալիբերալիզմ՝ ցանկացած քաղաքատնտեսական ռեժիմում նախանձելի կենսունակություն ցուցաբերող միաբջիջ վարչարարական մակաբույծների դաս, որոնց հայկական լեռնաշխարհում տեղայնացած աբորիգեն տեսակը մասնագիտական գրականության մեջ կոչվում է republicanus armenicus կամ հանրապետականք հայոց: Մակաբույծների այս դասն առհասարակ առանձնանում է պետական և մերձպետական համակարգերը սնող ֆինանսատար անոթներին սերտաճելու և լուսավոր ապագայի համար ներդրվող բոլոր ջանքերը անխնա արտածծելու հատկությամբ: Քանի որ մակաբույծներն ընդհանուր առմամբ օտար մարմիններ են, ապա համաժողովրդական իմունային համակարգին մոլորության մեջ դնելու համար իհայտ է եկել republicanus armenicus pseudointellectum առավել մոդիֆիկացված տարատեսակը, որ ինտելեկտուալ գործունեության նմանակման մեծ վարպետություն է ցուցաբերում, մշակում գաղափարախոսական համակարգ, անգամ խաղում «что, где, когда» և շախմատ:   Այս տարատեսակի սելեկտիվ վերարտադրության հիմնական օջախները բուհերի ուսանողական խորհուրդներն են, այս փուլում մակաբույծի թրթուռը կոչվում է prerepublicanus saqulicum: 

Իրենց զավթած տեղերում համակարգի բարիքների հաշվին պարարտացած հանարապետականքներից շատերը զարմանալիորեն լայն ժողովրդականություն են վայելում՝ իբրև հանրապետքական սուբյեկտներ` կոռուպցիոն փոխշահավետ փոխգործակցության մեջ ներքաշելով և հանցակից դարձնելով նաև իրենցպիսին չհանդիսացող առանձնյակներին և համակարգերին: Սա արդեն լուրջ հայտ է էվոլյուցիային, որովհետև ողջ համակարգը ախտահարելու և ամեն ինչ իրենց վերարտադրությանն ի սպաս դնելու այսպիսի բարձրակարգ վարքագծի չի հասել անգամ անգերազանցելի մակաբույծ համարվող Acari արնախում տզերի ենթախումբը:

Տես նաև՝ հանրապետքարան

Share Button

պարսատիկ

[պարսիկ + ատել]  անշառ պարսատյացություն դրսևորող անձ, ազգային-պահպանողական շարժում, որի ներկայացուցչները՝ պարսատիկները չտես ու հուշտհուշտիկ այն հայերն են, ովքեր չեն թաքցնում նովրուզի տոնակատարության համար Հայաստան եկած պարսիկների հանդեպ իրենց ռասիստական անհանդուրժողականության հասնող վատ վերաբերմունքը, բայց ոչ ավելին: Պարսատյացության դրսևորումները հայոց մեջ այնքան խորը պատմական արմատներ ունեն, որ դրանք իրենց զգացնել են տալիս Երևանում իրանցի զբոսաշրջիկների հայտնվելուն պես՝ հրապարակներում ու սոցցանցերում հրահրելով մասսայական նևրուզ: Բարեբախտաբար պարսիստական դրսևորումները չեն անցնում ֆեսյբուքում պոստավարայրյան ոճի բարոյախրատական ստատուսներ գրելուց կամ էլիտար խանութներ պարսիկների մուտքը արգելելուց այնկողմ: Այս օրերին գրանցվում է նաև պարսիստ-տաքսիստների քցողականության կտրուկ աճ:

Հայաստան հանգստի այցելած իրանցիների իբրև շարքային տուրիստներ ընկալելուն հետևողականորեն խանգարում են նրանց շարքերում առկա բազմապատիկ պարսապզուկները, ում համար մեր հինավուրց և ծանԴր երկիրը սխալմամբ ասոցացվում է անսահմանափակ ալկոհոլի, հայրենական էրոտիկ ծառայությունների և եվրո-անսանձ վարքագծի հետ: Սրանք ոչ թե զբոսաշրջիկներ, այլ անբռնազբոս պատեհաշրջիկներ են, որ հետևանք, կամ անհետևանք արկածներ են փնտրում ու փաստորեն նաև գտնում մեր արևախանձ-վարդագույն մայրաքաղաքում:

Տես նաև՝ այլաբոհ, իրանախախտ, Իրանք, նովրուզաշառ, չԻրանի ծիր, պարսադուլ, պարսածոցիկ, պարսահուշտռիկ, պարսաչարչար, պարսատինք, պարսատիտիկ, նովրուզահայ, պարսավանք, պարսատիստ, պարսաֆոբիա:

Share Button