շոգախտավոր

[շոգ + թոքախտավոր] Շոգախտը Հայաստանում, հիմնականում Երևանում հուլիս-օգոստոս ամիսներին ամեն տարի հետևողականորեն, բայց ամեն անգամ բոլորովին անսպասելի վրա հասած շոգից ամեն քայլափոխի և սոցիալական ցանցերում երևանաբնակների անվերջ տրտնջալու ու բողոքելու մասսայական պսիխոթերմատիկ վարքագիծն է։

Մասնագետների պնդմամբ ժամանակակից Երևանում շոգնատանջության դրսևորումներն ավելի ընդգրկուն ու անտանելի բնույթ են կրում քան ասենք մերձարևադարձային հին Բաբելոնում։

Այն փաստը, որ արևադարձային բազմաթիվ երկրներ ունեն կեսօրվա և առհասարակ անտանելի շոգին դիմակայելու իրենց ավանդական մեթոդները՝ օրինակ սիեստան, իսկ Հայաստանում նման ավանդույթ չկա, մարդաբաններին թույլ է տալիս ենթադրելու, որ չնայած ամեն տարի սանձազերծվող շոգեխանգարմունքին, հայերը բացարձակ և անհիմն լավատեսներ են, քանի որ աշնանային շոգեհանգստից հետո տառապանքի տապն անմիջապես մոռացվում և վերջինը լինելու հույսով պահվում է ենթագիտակցության ետնախորշերում։

Շշուկներ են պտտվում, որ շոգախտավորների աղանդավորական թևը, որ կոչվում է շոգեգալստական, ամենաշոգ օրերին ծիսական զոհաբերություններ է կատարում իրենց շոգեվոր հովիվ հռչակված Գագիկ Սուրենյանին՝ օրհնած ֆրեոնով լի փոքրիկ սրվակներ պայթեցնելով և Արագածից բերած ձյունով Հանրապետության հրապարակում ձնագնդի խաղալով։

Շոգի ու տապի անտանելի չափերից ստատիկ բողոքողների առանձնակի ծանր դեպքերը մասնագիտական գրականության մեջ բնորոշվում են իբրև շոգեկան հիվանդներ։ Հիվանդության ախտանիշները սովորաբար դառնում են խրոնիկ և հետագայում նրանք  բողոքում են ցանկացած տանելի և անտանելի եղանակային իրավիճակներում՝ ցրտին, անձրևին, ձյանը, կարկուտին, մեղմ հովին, զովին, քամուն և այլն։

Տես նաև՝ եղանակային չտեսություն, սառնամանյակ

Share Button