քրեածիվ

[քրեածին + կրեատիվ] հանցակազմ պարունակող գործողության մեջ հնարամտության, էսթետիկայի, նորարարության և ինտելեկտուալության գնահատման համակցված որակական ցուցանիշ, քրեական ստեղծարարությունը։

Քրեածիվությամբ կարող են աչքի ընկնել ինչպես անհատ հանցագործներն ու հանցովոր խմբերը, այնպես էլ պետական կառույցներն ու մասնավոր կորպորացիաները։

Քրեածիվ ժանրի դասականներից են ֆինանսական տարատեսակ բուրգերը, Եթովպիայում անսպասելի մահացած և իր ողջ կարողությունը ձեզ կտակած մինչ այդ անհայտ միլիոնատեր քեռու փաստաբանից նամակը, բանանն իբրև արդյունաբերական հումք Հայաստան ներմուծելը (տես՝ ներմուծաբան), մանրածախ առևտրի ահռելի բիզնեսն իբրև շարքային աշխատակիցների անհատ ձեռներեցություն ձևակերպելը, ճնշումը չափելու համար պետական բուժհաստատություն մտած տատիկի վրա լեղապարկի փոխպատվաստում ձևակերպելը և այլն։

Տես նաև՝ դոմփինգ, գերագահ շահ

Share Button

ներմուծաբան

[ներմուծել + վերլուծաբան] Ներմուծաբանները գաղջահայաստանի այն խոշոր սերժամերձ ձեռնարկատերերն էին, ովքեր հատուկ արտոնություններ ունեին ներմուծելու որևէ ապրանքատեսակ և իրավունք՝ խոչընդոտելու ուրիշներին նույնն անելու գործում՝ կիրառելով դոմփինգի բոլոր թույլատրելի և անթույլատրելի գործիքները։

Ներմուծաբանության ամենակարկառուն գործիչները լֆիկ մականունով հայտնի Սամվել Ալեքսանյանն էր, ով տնօրինում էր շաքարի ներմուծումը երկիր և դահկանացու քեթրինի Միհրանը՝ իբրև բանանային ներմուծաբան։

Share Button

շոգախտավոր

[շոգ + թոքախտավոր] Շոգախտը Հայաստանում, հիմնականում Երևանում հուլիս-օգոստոս ամիսներին ամեն տարի հետևողականորեն, բայց ամեն անգամ բոլորովին անսպասելի վրա հասած շոգից ամեն քայլափոխի և սոցիալական ցանցերում երևանաբնակների անվերջ տրտնջալու ու բողոքելու մասսայական պսիխոթերմատիկ վարքագիծն է։

Մասնագետների պնդմամբ ժամանակակից Երևանում շոգնատանջության դրսևորումներն ավելի ընդգրկուն ու անտանելի բնույթ են կրում քան ասենք մերձարևադարձային հին Բաբելոնում։

Այն փաստը, որ արևադարձային բազմաթիվ երկրներ ունեն կեսօրվա և առհասարակ անտանելի շոգին դիմակայելու իրենց ավանդական մեթոդները՝ օրինակ սիեստան, իսկ Հայաստանում նման ավանդույթ չկա, մարդաբաններին թույլ է տալիս ենթադրելու, որ չնայած ամեն տարի սանձազերծվող շոգեխանգարմունքին, հայերը բացարձակ և անհիմն լավատեսներ են, քանի որ աշնանային շոգեհանգստից հետո տառապանքի տապն անմիջապես մոռացվում և վերջինը լինելու հույսով պահվում է ենթագիտակցության ետնախորշերում։

Շշուկներ են պտտվում, որ շոգախտավորների աղանդավորական թևը, որ կոչվում է շոգեգալստական, ամենաշոգ օրերին ծիսական զոհաբերություններ է կատարում իրենց շոգեվոր հովիվ հռչակված Գագիկ Սուրենյանին՝ օրհնած ֆրեոնով լի փոքրիկ սրվակներ պայթեցնելով և Արագածից բերած ձյունով Հանրապետության հրապարակում ձնագնդի խաղալով։

Շոգի ու տապի անտանելի չափերից ստատիկ բողոքողների առանձնակի ծանր դեպքերը մասնագիտական գրականության մեջ բնորոշվում են իբրև շոգեկան հիվանդներ։ Հիվանդության ախտանիշները սովորաբար դառնում են խրոնիկ և հետագայում նրանք  բողոքում են ցանկացած տանելի և անտանելի եղանակային իրավիճակներում՝ ցրտին, անձրևին, ձյանը, կարկուտին, մեղմ հովին, զովին, քամուն և այլն։

Տես նաև՝ եղանակային չտեսություն, սառնամանյակ

Share Button

որձառություն

[որձ + փորձառություն] էրոտիկ արկածներ փնտրող, բայց էկզիստենցյալ հուսահատություն գտնող տղայական կամ տղայամերձ փորձառությունն է։

Որձառության ուսումնասիրմամբ զբաղվող գիտությունը կոչվում է որձագիտություն, իսկ գիտնականները՝ որձագետներ։

Share Button

աժժջան

[ԱԺ/ազիզ + ջան] ընտրակեղծիքներով, ընտրակաշառքով ձևավորված ձեռնասուն, ջերմոցային օրենսդիր մարմին կամ ասքային ժողով, որը հանրահռչակված կամ ստվերային սեփականատիրոջ կախարդական «աժժջան» գաղտնաբառ-հրահանգով կարող է  քննարկել և ընդունել ցանկացած օրենք, որոշում, հայտարարություն։

Հայոց նորագույն պատմության մեջ աժժջանի ամենադասական օրինակները եղել են 5-րդ և 6-րդ գումարման ազգային ժողովները, որտեղ ՍՍ-ին պատկանող ձեռնասուն մեծամասնությունը կազմում էր քրեաօլիգարխիկ հանրապետականքը, այն է՝ զոռավար գեներալիտետը, մի քանի մշակույտային գործիքները, մենաշնորհային մոլագարխները, ուսխորհրդային երիտհանրապետականքը և այլք։

Հրահանգավորման օրինակ՝ աժժջան, մի հատ էս հարկային օրենսդրության փոփոխությունը կստորագրե՞ս – վռազ եմ, աժժջան մի հատ էս տնտեսական մենաշնորհը կարտոնե՞ս, աժժջան, մի հատ էս հայուգենին անհարիր երևույթը կդատապարտե՞ս, աժժջան, մի հատ էս պայմանագրին կողմ լինելով դեմ կքվեարկե՞ս, աժժջան, մի հատ կպպզես վրովդ թռնեմ, աժժ ջան, մի հատ դառը կոֆե ու հաշիվը։

Որպեսզի թավշյա հեղափոխությունը գողափոխության չվերածվի և Հայաստանն ի վերջո ունենա ընտրված օրենսդիր մարմին, Նիկոլ և պայմանագրայիններ անսահամանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2018-ի մայիսից ձեռնարկեց սույն պատգամավոռների հասցեական պիղծինգ ռեալիթի շոուն։

 

Բառի համատեքստը՝ ՀՀԿ համամասնական ցանկով ընտրված ԱԺ պսեվդոպատգամավոր հայտնի ներմուծաբան Սամվել Ալեքսանյանի կողմից լրագրողներին դիմելու՝ աժժ ջան արտահայտության վերաիմաստավորումն է։

Share Button

ներխուժաններ

[ներխուժել + խուժաններ] Ազգային անվտանգության ծառայության հատուկ գերատեսչություն, որի հիմնական գործառույթները կայանում են  Գաղջահայաստանի խորհրդանիշ հանդիսացող դեգենեռալների, մոլիգարխների և այլ անհայտ ձեռներեցների կալվածքներ օրենքի տառին համապատասխան, շնորհքով ներխուժելը, ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկերը բացահայտելն ու տեսագրությունը հանրայնացնելը։

Հեղափոխությամբ դուխավորվԱԱԾ ներխուժանների դիմակավոր ստորաբաժանումները գավառ առ գառավ լիսկաթափում են բռնազավթված հայոց անդաստանները։ Ներխուզումից հետո ամենաթողությունից հաբռգած ֆեոդալ-ճոյտատիրական հաստավիզնեսը հեղափոխության դատին է հանձնում ոչ միայն քաղաքատնտեսական դիրքերն այլ նաև սեփական եզաճկուն մերձավորներին՝ հավատարմության և օրինապահության քֆուր ուտելով։

Չնայած հեղափոխությունը թավշյա է, ներողամիտ և խրախուզում է շակալաքլորների ինքնամեղանչը, այնուամենայնիվ որոշ առանձնակի ծանր դեպքերում քյալբանտարկյալների ու չաղբանտարկյալների գոյությունից խուսափել չի հաջողվում, ինչպես օրինակ տուշոնկա Մամվելի  մորակառույցում առաջնագծից թալանված զինվորական ծանրոցների հայտնաբերումից հետո։

Կարգախոսը․ «Ինչ անում ենք, շնորհքով ենք անում, ինչ անում ենք՝ լայվ»։

Համատեքստը․ Արտահայտությունը ծնվել է Շմայս մականունով հայտնի Առաքել Մովսիսյանի բնակարանում 2018 թ․ ԱԱԾ-ի անցկացրած խուզարկության մասին վերջինիս տված մեկնաբանությունից, այն է՝ «․․․ շատ շնորհքով, օրենքի տառին համապատասխան ներխուժել են իմ տուն․․․»

 

Share Button

թյուրիզմ

[թյուր + տուրիզմ]  Տուրիզմի և դրա զարգացման անվան տակ մատուցվող բոլոր այն օրենքները, հայեցակարգերը, ձեռնարկները,  պռոեկծիկները, մեգանախագծերը, պարապախոսութուններն ու հատկապես անգործությունը, որ ուղղակիորեն վնասում է Հայաստանում ներգնա տուրիզմի ոլորտի կայացմանը։

Հայաստանը թերևս միակ երկիրն է, որտեղ անգամ գործում է (համենայն դեպս մինչև թավշյա հեղափոխությունը) մի աբմողջ թյուրիզմի վարչություն, որի պետերը սովորաբար ոլորտի իրական մարտահրավերներին անտեղյակ կամ դրանք ընդունելու լծակներ չունեցող անձինք են եղել։

Թյուրիզմի քաղաքականության տակ միանգամից տեղավորվում են հանքաարյունարբության բոլոր ձեռնարկները, հայոց ճանապարհաշինության տասհազարամյա ավանդույթը, արտաքնոցային ենթակառուցվածքների համախառն դեֆիցիտը, թանկ ավիատոմսերը, մեկ էլ են թուրքական խույնզգույն կտորը, որ հայեցի էթնոմիջավայր ստանալու համար օգտագործում են սփռոցներ և տարազներ կարելով։

Թյուրիզմի կամ անդուրիզմի դրսևրումենր են նաև քաղաքային և գյուղական էնդեմիկ միջավայրերի, ճարտարապետական միջնադարյան կոթողների եվրոռեմոնտը տեղական ինքնակառավարման քանդոնների և այլ բարեքանդների կողմից։

 

Բառի սկզբնաղբյուրը՝ Արա Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառում

Share Button

լայվամարդ

[live/լավ + մարդ] ուղիղ վիդեոեթերներով իր կյանքի ու գործունեության մասին հանրության հետ անվերապահորեն կիսվող մարդ։ Հասկացությունը ծնվել է թավշյա հեղափոխության արդյունքում ՀՀ վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանի կողմից ֆեյսբուքյան ուղիղ եթերներով (live մտնելով) թափանցիկ և հաշվետու աշխատելաոճի ցուցադրման նախադեպից։ ՆՓ-ի շնորհիվ լայվամարդ լինելն  իբրև հաղորդակցության միջոց դարձավ քաղտեխնոլոգիա ու եթե մինչ այդ վիդեո բլոգինգի (վլոգինգի) միջոցով իրապատումներ (ռեալիթի շոուներ) վարելու պրակտիկան  հիմնականում գոյություն ուներ շարքային մարդկանց և նրանց շարքային կենցաղավարության շրջանակներում, ապա հիմա այն դարձել է ուղիղ ժողովրդավարության գործիք՝ հավասարության նշան դնելով հետևորդի (ֆոլոուեր, սըբսքրայբեր), օգտատիրոջ (յուզեռ) և ընտրողի միջև։

Տես նաև՝ դբա լայվը, լայվություն, լայվամարտ, լայվագույն, լայվ էլի, Նիկոլի թիվ, Նիկոլ լայքաբեր,  նիկոլամոլություն

Share Button

կադրբեջան

[կադր + Ադրբեջան] Հայաստանում Թավշյա հեղափոխությունից և իշխանափոխությունից հետո  պետական կարևոր պաշտոններում համախառն կադրային նշանակումների ընթացքում ձևավորված անառողջ թշնամական մթնոլորտ՝ համեմված աթոռակռվի հետամուտ հավակնոտների ճռվողյունով և նշանակումների հանդեպ ժողովրդական տարակարծության խառնաշփոթով։

Կիրառման նախադեպ՝ 

Մենք կադրբեջանի վերածելու հայրենիք չունենք։

Share Button

գալուստոտել

[Գալուստ + Արիստոտել] ՀՀ Ազգային ժողովի 10-րդ նախագահ, ՀՀԿ կարկառուն անդամ Գալուստ Սահակյանին ժողովրդի կողմից տրված մականուն, որն արտահայտում է զառամախտի հատկանիշներով բնորոշվող նրա բանավոր խոսքի աբսուրդ-փիլիսոփայական, աֆորիստիկ բնույթը։ Գրիգորիչի մտքի գոհարները հիմնականում ծնունդ են առնում հանրապետականքի շուրջ առաջացած որևէ կոռուպցիոն սկանդալի մեկնաբանության, վերաիմաստավորման և արդարացման նրա բթամիամիտ ջանքերի արդյունքում։

Գալուստոտելը ժողովրդական բանահյուսության մեջ դարձել է անհնարինության չափ տափակ ու անիմաստ մտքերի արտահայտման հոմանիշը և առիթ տվել մառազմատիկ աֆորիզմների մի ամբողջ ժանրի ծնունդին։ Ըստ այս ժանրի հիմնական կանոնի՝ ցանկացած անհեթեթ միտք, որը ստորագրված է մաեստրոյի անունով՝ արդեն իսկ ծիծաղելի լինելու հավակնություն ունի։

 

Գալուստոտելի թևավոր խոսքերից

  • Հրապարակում 100,000 մարդ չի կարող տեղավորվել՝ առավել ևս 40,000։
  • Ծնունդիս համար շնորհակալ եմ ծնողներիս՝ հատկապես հորս և մորս։
  • Բիզնես ունեցողը դեռ բիզնեսմեն չէ:
  • Ցմահ կլինի մահապատիժը:
  • Դեմ լինելը դա ընդդեմը չէ:
  • Երեխաները պարտավոր են մեծանալ։
  • Ես տեսել եմ ձեր մերկությունը եւ չեմ գայթակղվել։
  • Հայաստանում կոռուպցիա չկա, կաշառակերություն՝ կա:
  • Լուրջ մարդկային փոխհարաբերություններում բոլորը պետք է փոխհարաբերվեն:
  • Չափներդ ճանաչեք: Չափից եթե դուրս եք գալիս, անչափ չեք դառնում:
  • «Ոչ» արտահայտություն չկա, դա «չէ»-ն է, իսկ «չէ»` նշանակում է ոչ էական»:

Բառի հեղինակ՝ Սևո Սևոյան, ֆեսյբուքյան գրառում

Share Button