[դի/ձի + սպորտ] Էզոթերիկ ընտրակեղծարարության մրցաշար, որն անց է կացվում Հայաստանում ցանկացած ընտրությունների ընթացքում: Թաքնված դիասիրության տարատեսակ է: Դիասպորտի վարպետները մրցում են, թե ով ավելի շատ հանգուցյալի ներկայություն կապահովի ընտրություններին: Լայն ժողովրդականություն վայելող, բայց դեռևս պաշտոնապես չճանաչված սպորտաձև է: Ազգագրագետների կարծիքով վաղնջահայությանը բնորոշ՝ նախնիների պաշտանմունքը վերածնելու ինքնաբուխ մի շարժում է սա: Մինչ նախնիների ընտրության իրավունքի պաշտոնական հաստատումը դիասպորտի ֆեդերացիայի գործառույթները հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովն է ստանձնել:
Category: Դ
դահկանացու
[ԴԱՀԿ + մահկանացու] դահկանացուն homo sapiens-ի հակաէվոլյուցիոն դեգրադացման արագ բամզացող մետամորֆոզ է, որը ծառայողական պարտականության կամ պետական գերագահ շահի հղումով ընդունակ է բռնագրավել անգամ երեխայի զուգարանակոնք, ծերունու ատամնաշարի պրոթեզ, հոտավետ վաղ-սովետական հողաթափեր, իսկ կանխատեսվող ոչ հեռավոր ապագայում նաև արտածծել արյուն ու բռնահանել ներքին օրգաններ այն անձանցից, ովքեր պետության, մասնավոր ընկերությունների կամ անհատների նկատմամբ ֆինանսական պարտավորություններ ունեն և ի վիճակի չեն դրանք մարել:
դարդի 8
[մարտի/դարդի 8] բռնակալ, կապիտալիստ, կղերական, քյառթու, ռազմատենչ ու ծույլ տղամարդկանց իշխանությունից ազատվել ուզեցող կանանց պայքարը խորհրդանշող տոնը՝ մարտի 8-ը ժամանակի հետ հենց նույն տղամարդկանց կողմից մուտացվեց դեպի ծաղիկ-մաղիկ նվիրելու, հետո էլ այդ պարտականությունից բողոքելու, փնթփնթալու տոնի՝ դարդի ութի:
դոմփինգ
[դոմփել + dumping] դոմփինգը քաղաքակիրթ շուկայավարության մեջ հայտնի արհեստականորեն իջեցված գնային քաղքականությամբ մրցակիցներին շուկայից դուրս մղելու գործընթացի բրուտալ տեղայնացումն է գաղջահայաստանում:
Ենթադրում է մրցակիցներից ոչ միայն ագրեսիվ գնային քաղքականությամբ, այլ նաև բոլոր հնարավոր այլ միջոցներով ազատվելու միջոցների համախումբը, օրինակ հարկային և մաքսային կողմնակալ քաղաքականությունը, ոտքերը ցեմենտով լի տաշտակում ընկղմելն ու Հրազդանի կիրճից նետելը, պենոպլաստը ապակուն մրցակիցների ներկայությամբ քսելը, ի վերջո սեփական պատուհաս տղային մրցակցի աղջկա հետ ամուսնացնելը: Ավելին, դոմփինգը կիրառելի է ոչ միայն տնտեսվարող մրցակիցներին, այլ նաև քաղաքական հակառակորդների և որևէ այլ ոլորտի մրցակիցների վարկաբեկումը, ստորացումն ու գծերից գցումը նկարագրելու համար:
Տես նաև՝ ներմուծաբաններ, համփինգ, մեդիադոմփինգ, սերժանտացում, ռոբոտացում
դաս&հաց
[դասընթաց/& + հաց] վարպետության դաս, թրեյնինգ, սեմինար, ուսումնական որևէ այլ գործընթաց, որի ընթացքում ենթադրվում է նաև հյուրասիրություն: Հացի բաղադրիչը շատ հաճախ դաս&հացների մասնակցելու գլխավոր դրդապատճառն է:
Տես նաև՝ հացուկաց
դզել
Օգտագործվում է՝ դզեց տարբերակով: Հաճույքի ինքնաբուխ և հոգեպարար արտահայտություն, արվում է իրավիճակում, երբ տառապանքներով և հոգսերով լի կյանքը պահի տակ թվում է հիասքանչ և հաճելի:
դեգեներալ
[դեգեներատ + գեներալ] Ռազմական ռեսուրսը ինքնանպատակ և բարբարոսաբար մասնավոր քաղաքացիական և քաղաքական ռեսուրսի վերածել ցանկացող պահեստազորի գեներալ:
Կիրառվում է այն բարձրաստիճան զինվորականներին նկարագրելու համար, ովքեր մարտի դաշտում քիչ թե շատ հաջողված կամ հետագայում միֆականացված զինվորական կարիերայից հետո հետպատերազմյան շրջանում հիմնականում բանակից և այլ կասկածելի աղբյուրներից քերած միջոցներով դեգրադացան մինչև կալվածատիրական ձեռներցությունն ու համամասնական քաղաքականությունը:
Հիմնականում Էշմիաձնում ու նրա մերձակա գյուղերում տնավորված դեգեներալներն աչքի են ընկնում պատերազմի բովով անցածի և բազմաթիվ դժվարություններ տեսածի (բարբարոս) արտաքինով, անողոք հայերենով և իռացիոնալ-ագրեսիվ հանրային պահվածքով: Խրախուսում են մատաղ սերնդի հիտլերյուգենտյան ոճով ռազմահայրենասիրական դաստիարակությունն իրենց հովանու ներքո ու վաղ ֆեոդալական իրավահարաբերությունները:
Կիրառման օրինակներ
- Այսինքն Հանրապետական գաղափարական հենասյունը այժմ պահում են Դեգեներալ Մանվելը, Դեգեներալ Սեյրանը, Շմայսը, Լֆոն և …
Տես նաև՝ սելֆիդայի, զոռավար
դաստակավոր արտիստ
[դաստակ/վաստակ + ավոր + արտիստ] Ավելի շատ կռիվ-կռիվ խաղալու արվեստին քան դերասանական վարպետությանը տիրապետող, մարտաֆիլմի գլխավոր հերոսների մարմնավորող դերասան, մարտարվեստի նմանակող, ով անհարկի արժանացել է արտիստների համար նախատեսված կոչումների ու պարգևատրությունների: Նման աներևակայելի իրադարձություն հնարավոր է միայն, երբ շուրջը տոտալ գաղջամուղջ է տիրում: Դաստակավոր արտիստ ասելով նախ նկատի են ունենում Գոռ Վարդանյանին։
Տես նաև՝ մաստակավոր, նվաստակավոր, վաստաքավոր արտիստ