ամենահամերգ

[ամենա + մենահամերգ] համերգ, որ պատմական իրադարձություն է դառնում՝ ցնծության հասցնելով ողջ հանրությանը կամ նրա հիմնական հատվածին՝ ոգևորելով, ոտքի հանելով, մեկտեղելով և հասցնելով խմբակային կատարսիսի: Այդպիսի համերգ էր օրինակ՝ 2015թ. ապրիլի 23-ին System of a Down-ի Երևանում կայացած  «Արթնացրեք ձեր հոգիները» խորագրով աննախադեպ կարելի է ասել օրգազմիկ համերգը:

գերագահ շահ

[գերակա/ագահ + շահ] բռնի վարչարարության գործիք, որով կոռումպացված պետական մարմինը որևէ քաղաքացու սեփականության իրավունքը նրա կամքին հակառակ և նրան ոչ ձեռնտու պայմաններով ստորադասում է իր կողմից հովանավորվող խոշոր կապիտալի խոշորածավալ որևէ նախագծի՝ օրինակ բնակելի թաղամասի շինարարությանը, հանքահենությանը և այլն։

ծրագրամիստ

[ծրագիր + програмист] ժողովրդական բանահյուսության մեջ ծրագրամիստ են կոչվում համակարգիչների վրա, շուրջ, մերձ, առիթով և առընչությամբ աշխատանքային գործունեություն ծավալող բոլոր այն մասնագետները, ովքեր զբաղված են հաքմեջ արած օպերացիոն համակարգ էժանով նստցնելուց մինչև բարձր տեխնոլոգիական ինովացիոն բարդ տեխնոլոգիական խնդիրներ լուծելը։

կռտօջախ

[կռտել + կրթօջախ] ուսումնական հաստատություն, որի մանկավարժական մեթոդների արդյունքում նոր սերունդը կորցնում է ստեղծարար բոլոր բնածին որակները և ձեռքբերում կռտօջախի և տվյալ պահին հանրության մեջ դոմինանտ կարծրատիպային արժեհամակարգի բոլոր հատկանիշները՝ փաստացի վերարտադրևելով այն։